Կառավարությունն Արաքսը կվերադարձնի իր նախկին հունը. սահմանին խնդիրներ են ծագել

Արաքս գետ
Քանի որ դեմարկացիոն գիծն անցնում է Արաքս գետի կենտրոնով, նախկին հունի վերացման և նոր հունի ձևավորման հետևանքով հետագայում կարող են սահմանային խնդիրներ առաջանալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ կառավարության այսօրվա նիստում ընդունված որոշմամբ պետական բյուջեից 22 380 000 դրամ կհատկացվի հայ-թուրքական սահմանին` Արարատի մարզի Արաքսավան և Բուրաստան համայնքների տարածքում Արաքս գետն իր նախկին հունը վերադարձնելու համար։
Առաջարկի հեղինակը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն է, որը նման կարգավորման անհրաժեշտությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ Արաքսի հովտում գործող ավազահանքի շահագործման հետևանքով Արաքս գետը փոխել է իր նախկին հունը և այժմ հոսում է Հրազդան գետի հունով:

«Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների միջև պետական սահմանը, համաձայն 1973թ.-ի վերասահմանանշման, անցնում է Արաքս գետի նախկին հունով, որը այժմ գետի հունի փոփոխման հետևանքով ջրազրկվել է, պատվել է խիտ թփուտներով և ծառերով: Արաքս գետի նախկին հունի և ներկայիս հունի միջև առաջացել է մոտ 400 հա մակերեսով «կղզի», որն ամայացել է և գյուղատնտեսական նպատակներով չի օգտագործվում»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ։

Նշվում է նաև, որ Հրազդանի հունով հոսելու հետևանքով Հրազդան գետի ձախ ափը վտանգավոր է դարձել, հեղեղների ժամանակ տեղի են ունենում փլուզումներ, որոնց հետևանքով կարող են ողողվել անգամ սահմանային կառույցները։
«Քանի որ դեմարկացիոն գիծն անցնում է Արաքս գետի կենտրոնով, նախկին հունի վերացման և նոր հունի ձևավորման հետևանքով հետագայում կարող են սահմանային խնդիրներ առաջանալ»,- ասված է նախագծում:
Խնդիրներից խուսափելու համար նախարարությունն առաջարկում է Արաքս գետի ներկայիս հունի վրա դիմհարային պատնեշ կառուցել գետի ջրերը նախկին հունն ուղղորդելու համար և վերականգնել մոտ 130 մ երկարությամբ և 8 մ խորությամբ հողապատնեշը:
Սևանը իջել է 18 սմ-ով. ի՞նչ անել դեֆիցիտը փակելու և լճի ջրային պաշարները խնայելու համար