Ինչո՞ւ է իրականում աշխատանքից ազատվել Ապարանի ոստիկանապետը. «Փաստ»

Նիգավան տանող ցուցանակ
Ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը եղել է աղմկահարույց իրադարձություններից հետո նրա պահվածքը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. «Փաստ» օրաթերթին հայտնի է դարձել, թե ինչու է իրականում աշխատանքից ազատվել Ապարանի ոստիկանապետ Աշոտ Հայրապետյանը։
Ապարանում հունիսի 19-ին տեղի ունեցած կրակոցներից երկու օր անց աշխատանքից ազատվել էր Ապարանի ոստիկանապետը: Չնայած պաշտոնական որևէ պարզաբանում չի տրվել, թե ինչու է նա ազատվել աշխատանքից, սակայն այդ պաշտոնանկությունը չէր կարող կապված չլինել նշյալ դեպքի հետ։
«Փաստի» տեղեկություններով` ոստիկանապետին աշխատանքից ազատելու պատճառը ոչ թե այն է եղել, որ իրավիճակը չի վերահսկել, չի կարողացել կանխել նման ողբերգությունը, այլ այդ իրադարձություններից հետո Հայրապետյանի պահվածքը:
«Բանն այն է, որ կրակոցներից հետո, երբ վիրավորներին տեղափոխել են Ապարանի հիվանդանոց, այստեղ են այցելել մեծ թվով քաղաքացիներ, կոտրել են նախասրահի մուտքի դուռը, ապակիները: Մի խոսքով, իսկական մի «բոլոլա» էլ այստեղ է եղել։ Հիվանդանոց են ժամանել մեծ թվով ոստիկաններ, այդ թվում՝ Ապարանի ոստիկանապետը, որը բիրտ ուժ է կիրառել նշյալ քաղաքացիների նկատմամբ, ասել՝ «էս ինչ դեբոշ եք սարքել ստեղ»: Հենց դա էլ դարձել է նրա պաշտոնազրկման հիմնական պատճառը»,–գրում է «Փաստը»։
Ապարանում վստահ են, որ փոխմարզպետն ու ՔՊ–ական պատգամավորը կապ ունեն կրակոցների հետ
Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Նիգավանի մոտ տեղի ունեցած վիճաբանությունից հետո հրազենային վնասվածքներով Ապարանի բժշկական կենտրոն տեղափոխված երկու անձ՝ Ապարան քաղաքի 27-ամյա բնակիչներ, հիվանդանոցում մահացել են, իսկ 5 անձ տեղափոխվել է բժշկական կենտրոններ. նրանից մեկի վիճակը ևս ծանր է: Սպանության մեջ կասկածվող 32-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Հավելենք, որ դեպքի մասին Sputnik Արմենիային որոշակի մանրամասներ են հայտնի դարձել։ Վիրավորում ստացած և «Աստղիկ» ԲԿ-ում մահացած Տիգրան Հարությունյանն Ապարանի համայնքապետ Կարեն Եղիազարյանի հարազատներից է։ 28-ամյա Տիգրանը «Գնթունիք» սուպերմարկետում էր աշխատում։