Հողի, ջրի և անվտանգության պակաս. ինչպես է ապրում սահմանամերձ Դավիթ Բեկը նոր իրողության մեջ

Պատերազմից հետո Սյունիքի մարզի Դավիթ Բեկ գյուղը զրկվել է ոչ միայն դաշտերից ու արոտավայրերից, այլև Գորիսի հետ ուղիղ կապից և բախվել է անվտանգության խնդիրների։ Ինչպես է ապրում գյուղը հիմա՝ մեր հոդվածում։
Sputnik
Առաջին Հանրապետության հիմնադիրներից մեկի՝ Արամ Մանուկյանի ծննդավայր Դավիթ Բեկ գյուղը գտնվում է Գորիս և Կապան քաղաքների միջև։ Պատերազմից հետո ադրբեջանցի զինվորականները 1,5-2 կմ-ով մոտեցել են գյուղին, փակել դեպի Գորիս տանող ճանապարհը՝ լոգիստիկայի և անվտանգության հետ կապված լուրջ խնդիրներ ստեղծելով։

Դպրոցը՝ ուղիղ տեսանելիության գոտում

Սեպտեմբերին Արամ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոց կգնա 35 աշակերտ, որոնցից 4-ը՝ առաջին դասարան։ Դպրոցում 12 դասարանից 10-ն է գործում։ 5-րդ և 11-րդ դասարանների աշակերտներ չկան։
Դավիթ Բեկի դպրոցի դասասենյակներից մեկը
Դպրոցի գրեթե բոլոր ուսուցիչները գյուղի բնակիչներ են։ Միայն ֆիզիկայի ուսուցիչ չկա՝ նրա հետ դասերն անցկացվում են առցանց (այդ նպատակների համար դպրոցին համակարգիչ է նվիրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան ներկայացուցչությունը)։
Ընդ որում՝ ուսուցիչները քիչ են վաստակում, քանի որ աշխատավարձը կախված է աշակերտների թվից:
«Այսինքն, եթե դասարանը լիքը չէ, ուսուցիչը կես դրույք աշխատավարձ է ստանում»,-ասում է դպրոցի տնօրեն Վրեժ Բալայանը:
Նրա խոսքով՝ իրենք ոչ մի հավելավճար չեն ստանում։ Հետևաբար, ուսուցիչները դասավանդումով չեն սահմանափակվում, նրանք գրեթե բոլոը ազատ ժամանակ զբաղվում են նաև գյուղատնտեսությամբ։
Դավիթ Բեկի դպրոցի տնօրեն Վրեժ Բալայան
Բուն դպրոցի սահմանափակ ֆինանսավորումը թույլ չի տալիս լիարժեք լուծել նաև հարցեր, գույքին «ուշադիր են վերաբերվում, չեն փչացնում»։ Ծախսերի մի մասը նվիրատուների հաշվին է, մյուս մասը՝ սեփական միջոցների։
Օրինակ՝ ջեռուցման ծախսերն ուզում են նվազեցնել արևային պանելներ տեղադրելով՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շնորհիվ։
Դավիթ Բեկի դպրոցը
Ապագայում այստեղ, ինչպես և Սյունիքի մարզի մյուս շրջաններում, պետք է կառուցվի 100 աշակերտի համար նախատեսված նոր դպրոցի մոդուլային շենքը։
Սահմանամերձ դպրոցներում առանձին ուշադրություն են դարձնում անվտանգության հարցերին։ Իսկ Դավիթ Բեկի դպրոցը գտնվում է ադրբեջանական դիրքերի ուղիղ տեսանելիության սահմաններում (1,5-2 կմ հեռավորության վրա)։ Թե՛ ԿԽՄԿ-ի, թե՛ «Մարդասիրական ականազերծման փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները աշակերտների համար նույնիսկ դասախոսություններ են անցկացրել մարդասիրական ականազերծման և արտակարգ իրավիճակներում վարվեցողության կանոնների վերաբերյալ։
Վերջերս դպրոցում պատուհաններն են փոխել։ Տնօրենը հույս ունի, որ հնարավորություն կլինի պատուհանները պաշտպանիչ թաղանթով պատել՝ պայթյունի ալիքի դեպքում բեկորներից պաշտպանվելու համար։
Դավիթ Բեկի դպրոցի ապաստարանը
Ռմբակոծության դեպքերի համար ապաստարան է կահավորված։ Տնօրենը հույս ունի բարեգործական կազմակերպությունների օգնությամբ այն ապահովել անհրաժեշտ ամեն ինչով։

Գյուղատնտեսություն

Ինչպես և բազմաթիվ այլ սահմանամերձ գյուղեր, Դավիթ Բեկը պատերազմից հետո կորցրել է արոտավայրերի և ցանքատարածությունների զգալի մասը։ Դրանց մի մասը հայտնվել են շփման գծում կամ վտանգավոր չափով մոտ են դրան։
Գյուղատնտեսությամբ զբաղվելու պայմանների վատթարացումը հանգեցրել է գյուղից բնակչության արտահոսքին։ Երիտասարդները չեն ուզում մնալ. աշխատանք չկա, մեկնում են քաղաքներ։
Գյուղի 65-ամյա բնակիչ Աշոտ Մովսիսյանը շփման գծում մեկ հեկտար հող է թողել: Մնացած հատվածում գարի է ցանում։ Գործերն այնքան էլ լավ չեն․ անորակ սերմերի պատճառով անցյալ տարի վնասներ է կրել։
Աշոտ Մովսիսյան
Հիմա, նրա խոսքով, գյուղացիների համար վառելիքի հարցն է լուրջ․ սոլյարայուղը (солярка) շատ թանկ է: Բենզինից էլ թանկ։ Վառելիքի բարձր գների պատճառով ֆերմերների 50 տոկոսը հողը չեն մշակում` որպես արոտավայր են օգտագործում։
Այս պայմաններում Աշոտի ընտանիքի համար եկամտի աղբյուրը անասնապահությունն է։ Նաև թոշակ է ստանում։ Պետական աջակցության մասին հարցին ի պատասխան ձեռքն է թափ տալիս։

«Դավիթ Բեկի գոյության մասին ո՞վ գիտի։ Հայաստանում՝ ոչ ոք։ Մի անգամ ասացին, թե իբր թուրքերը գյուղը վերցրել են, այդ ժամանակ էլ լսեցին։ Սուտ էին ասում իհարկե»,-պատմում է Մովսիսյանը։

Նա ինքը ամբողջ կյանքում Դավիթ Բեկում է ապրել, գյուղը լքել չի պատրաստվում։ Պաշտպանել է գյուղը 1992թ․-ին, 44-օրյա պատերազմի ժամանակ նույնպես զենք է վերցրել։
Մյուս խնդիրների թվում նշում է խմելու և ոռոգման ջրի պակասը։ Դա վերաբերում է հատկապես գյուղի բարձրադիր մասերի բնակիչներին, քանի որ ջրի աղբյուրները ներքևի մասում են։ Միաժամանակ, գյուղի վերին հատվածների բնակիչները գոնե կարողանում են անասնապահությամբ զբաղվել. հոտն արածեցնելու տեղ կա։
Խոտ՝ Դավիթ Բեկ գյուղի տներից մեկի բակում
Իսկ գյուղի ներքևի հատվածի վարելահողերն ու արոտավայրերը չափազանց մոտ են դիրքերին։
«Չնայած, որ ճակատները պնդացնում են, գնում ու մշակում են»,-ասում է ֆերմերներից մեկը։
Հաշվի առնելով ավանդական մշակաբույսեր աճեցնելու համար անբարենպաստ պայմանները, որոշ ֆերմերներ գտել են ելքը․ բարերարների աջակցությամբ ազնվամորի են աճեցնում։ Դրանով է զբաղվում է նաև գյուղի դպրոցի տնօրենի կինը։ Ընդհանուր առմամբ այս գործում ներգրավված է շուրջ 15 ընտանիք։
Քաղաքի շուկայում ազնվամորու գինը մեկ կիլոգրամի դիմաց 1000-1200 դրամ է։ Դա մի քանի անգամ ավելի շատ է, քան կարելի է վաստակել կարտոֆիլ աճեցնելով։
Տրակտոր Դավիթ Բեկ գյուղում
Բայց լուրջ արտադրության մասին խոսել հնարավոր չէ դարձյալ անվտանգության հետ կապված խնդիրների պատճառով։ Կա նաև լոգիստիկայի խնդիրը։ Օրական մեկ անգամ գյուղից ուղևորատար «Ֆորդ» է շարժվում. առավոտյան մեկնում է, երեկոյան վերադառնում։ Ուղեվարձը 500 դրամ է մեկ ուղղության համար։ Դա չափազանց թանկ է ֆերմերների համար։

Մի գյուղ, վեց խանութ

Լոգիստիկան ազդում է նաև տեղի խանութներում ապրանքների բազմազանության վրա (գյուղում վեց խանութ կա)։ Պատերազմից և ճանապարհի փակվելուց հետո առաքիչները սկսել են ավելի հազվադեպ գալ։
Տիկին Նունուֆարի խանութը
Կապանից մոտավորապես երկու շաբաթը մեկ են գալիս, հյութեր և ջուր են բերում։ Երևանից 2-3 ամիսը մեկ են գալիս։ Շատ հազվադեպ են, օրինակ, թեյ բերում։
«Աշխատանք չկա, փող չկա։ 8-9 տարվա հնության պարտքեր կան։ Թոշակառուները գոնե ամեն ամիս մաս-մաս բերում են»,-պատմում է Նունուֆարը՝ խանութներից մեկի սեփականատերը։ Ժամանակին նա մանակապարտեզի տնօրեն է եղել։
Ցույց տալով կիսադատարկ ցուցափեղկերը, նա ասում է, որ նախկինում դրանք լիքն էին։ Հիմա ավելի քիչ մարդ, աշխատանք և առևտուր կա։
«Բոլոր կողմերից թուրքերով ենք շրջապատված․․․ փայտի խնդիր կա, խոտի խնդիր կա, մարդիկ չեն կարողանում անասուն պահել։ Հիմա ամեն ինչն է դժվար։ Շատ դժվար է։ Գոյություն պահելու միջոցներ չկան»,-ասում է Նունուֆարը։
Տիկին Նունուֆարը
Ապրանքների հետ կապված նույնատիպ իրավիճակ է նաև մյուս խանութում․ հիմնականում պարտքով են գնում։ Մյուս խանութի տիրուհի Վարդանյան խնդրում է իրեն չլուսանկարել։ Ասում է՝ առևտուրը պասիվ է գնում, ամեն ինչ «սառեցված է»․ մարդիկ փող չունեն։
«Պարտքատետրերն են։ Նայեք, դրանց պատճառով էլ հետ ենք մնում»,-ասում է կինը։
Կանխիկ գումարով հազվադեպ են գնումներ կատարում, ավելի հաճախ պարտքով են տանում, հետո մաս-մաս փակում են։ Պատասխանելով հարցին, թե այդպիսի պարտքերով ինչպես է կարողանում պահել խանութը և ապրանք գնել, կատակում է․
«Դե ի՞նչ անենք։ Վստահում ենք, հույս ունենք, որ պարտքերը կտան»։
Խանութը նրա համար վաղուց արդեն եկամտի աղբյուր չէ։ Զուգահեռ ամբողջ ընտանիքով գյուղատնտեսությամբ են զբաղվում։ Կարտոֆիլ, լոբի, բանջարեղեն են աճեցնում, կով ու խոզ են պահում։
Բեռնատար ավտոմեքենան Դավիթ Բեկ գյուղում
Հենց գյուղատնտեսությունից ստացված եկամուտներն են խանութի տիրուհուն թույլ տալիս «ջրի երեսին» մնալ։
«Մի քանի օր առաջ անտոկոս գյուղատնտեսական վարկ վերցրինք՝ 3 միլիոն դրամ, որ ծայրը ծայրին հասցնենք։ Խոտ ու ցորեն առնենք։ Եթե պարտքերը վճարեին, չէինք վերցնի»,-ասում է վաճառողուհին։
Սակայն, չնայած այդ բոլոր խնդիրներին, տիկնոջն ամենաշատն անհանգստացնում է այն, որ ամեն առավոտ պատուհանից տեսնում է ծածանվող ադրբեջանական դրոշները։ Մարդիկ մշտական անհանգստության մեջ են ապրում։
Թե ինչ կլինի վաղը, ոչ ոք չգիտի․․․
Դավիթ Բեկ գյուղի Սուրբ Գայանե եկեղեցին