Հնարավոր է` մոտ ապագայում ադրբեջանական կողմի հետ հանդիպում կայանա. ԱԽ քարտուղար

Ադրբեջանը դեռ չի պարզաբանել, թե ինչու է հրաժարվել հունիսի 27-ի բրյուսելյան հանդիպումից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Ադրբեջանական կողմն առայսօր չի պարզաբանել, թե ինչու է հրաժարվել Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի ու ՀՀ ԱԽ քարտուղարի՝ հունիսի 27-ին Բրյուսելում նախանշված հանդիպումից։
Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Դեռևս հայտնի չէ, թե ինչու է Ադրբեջանը հետաձգել։ Մենք ինֆորմացիա ունենք, որ հնարավոր է` մոտ ապագայում այդպիսի հանդիպում կայանա»,- ասաց Գրիգորյանը` հավելելով, որ հնարավոր հանդիպման հարցը դեռ քննարկվում է։

Հիշեցնենք` Արմեն Գրիգորյանը հունիսի 27-ին Բրյուսելում պետք է հանդիպեր Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ։ Սակայն ադրբեջանական կողմը հրաժարվել է հանդիպումից։ Այս մասին նույն օրը երեկոյան առցանց ասուլիսի ժամանակ հայտնել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` նշելով, որ հանդիպմանը նախատեսվում էր պայմանավորվածություններ ձեռք բերել խաղաղության պայմանագրի և դրա հետագա ընթացքի վերաբերյալ։