ՀՀ-ում էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունը կսահմանվի օրենքով

Էլեկտրամոբիլ
Գործող օրենքով սպառողը կարող է էլեկտրաէներգիան այլ անձի փոխանցել միայն առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրման պայմանագրերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Հայաստանում էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցումը կսահմանվի օրենքով։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է այդ նպատակով համապատասխան փոփոխություններ կատարել «Էներգետիկայի մասին» ՀՀ օրենքում։
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայությունն այժմ մատուցվում է էլեկտրաէներգիան սպառողի կողմից այլ անձի փոխանցման եղանակով, ուստի փոխանցման հիմքերն ամրագրելու նպատակով օրենքում լրացում կատարելու անհրաժեշտություն է առաջացել։
Գործող օրենքով սպառողը իրավունք ունի էլեկտրաէներգիան այլ անձի փոխանցել միայն առևտրային, արտադրական կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրման պայմանագրերով։ Գործող օրենքը էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայություն չի նախատեսում։
Էներգետիկայի մասին» օրենքում առաջակվող փոփոխությունների նախագիծը կառավարության նիստում հաստատվեց առանց զեկուցման ու քննարկման։ Այն առաջիկայում կներկայացվի խորհրդարանի դատին։
ՀՀ կառավարությունն առաջին անգամ չէ, որ անդրադառնում է էլեկտրամոբիլների լիցքավորման իրավական կարգավորման խնդրին։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ժամանակին առաջարկում էր այդ նպատակով ՀԷՑ-ին զրկել էլեկտրաէներգիա վաճառելու մենաշնորհից։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ առարկություն չէր ներկայացրել` նշելով, որ էլեկտրամոբիլների լիցքավորման ենթակառուցվածքների ստեղծումն իսկապես կարևոր է։
Փոխարենը առարկել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը` հայտարարելով, որ Հայաստանում էլեկտրական լիցքավորման կայանների տեղադրման հետ կապված իրավական որևէ խնդիր գոյություն չունի։ Նրա մեկնաբանմամբ` ցանկացած տնտեսվարող սուբյեկտ կարող է տեղադրել լիցքավորման սարքեր, գնել էլեկտրաէներգիան ՀԷՑ-ից, ձևափոխել հաստատուն հոսանքի և վաճառել։
Այժմ հանրապետության ամբողջ տարածքում շուրջ 90 գործող լիցքավորման կայան կա։
Նշենք, որ պաշտոնական վիճակագրության համաձայն` ՀՀ ներկրվող էլեկտրական շարժիչով մեքենաների թիվը տարեցտարի աճում է. 2017-2019թթ․-ին մեր երկիր է ներկրվել ընդամենը 42 էլեկտրամոբիլ, 2020-ին` 2155, 2021 թվականին` 6645։
ԵԱՏՄ որոշմամբ` 2022թ-ի ընթացքում Հայաստանի համար էլեկտրամոբիլների արտոնությունը կմնա ուժի մեջ` մինչև 7000 ավտոմեքենայի ներկրման համար։ 2020թ-ից սկսած` Հայաստանում էլեկտրամոբիլներ ներկրողներն ազատված են ԱԱՀ-ից։