Իշխան Սաղաթելյանի համար ԱԺ փոխնախագահի պաշտոնից ազատվելը երկրորդական հարց է։ Նա իր տեսակետը հայտեց Sputnik Արմենիայի հետ զրույցում։
Հունիսի 28-ին հայտնի դարձավ, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը որոշել է Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից հեռացնել «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին։
«Ես խղճում եմ իշխող ուժին։ Նայե՛ք, թե երկրի առջև ինչպիսի մարտահրավերներ, սպառնալիքներ են կանգնած, և տեսե՛ք, թե նրանց բուն օրակարգում ինչ թեմա է քննարկվում։ Եթե կարծում են, որ պաշտոնանկ անելով ինձ որևէ կերպ նեղացնում են կամ ցավ պատճառում, ապա չարաչար սխալվում են, որովհետև պաշտոններում մնալն իրենց համար է առաջնային ու կարևոր»,- ասաց նա։
Սաղաթելյանի խոսքով` նման որոշումներով որևէ կերպ չեն կարող իրենց գործունեությունը կաշկանդել։
«Դրանով փորձում են ինչ-որ բան ցույց տալ, բայց այսօրվա դավաճան իշխանության կողմից հետապնդվելը, բանտարկվելը, ճնշումների ենթարկվելը մեզ պատիվ է բերում, որովհետև երկրի ղեկին հայտնվել է մի խմբակ, որը հետևողականորեն երկիրը տանում է դեպի անդունդ»,- շեշտեց ԱԺ նախագահի տեղակալը։
Ըստ Սաղաթելյանի` իր և Վահե Հակոբյանի պաշտոնանկության հարցերը «Հայաստան» խմբակցությունում նույնիսկ չեն էլ քննարկվել։
«Կան ավելի կարևոր ու առաջնային օրակարգեր, ուստի անհրաժեշտ է ժամանակը ծախսել դրանց վրա, այլ ոչ թե վիճարկել իշխող ուժի որոշումը։ Մեր պայքարը շարունակելու է նույն կերպ, անկախ այն հանգամանքից` կունենա՞մ պաշտոն, թե՞ ոչ»,– ասաց նա։
ԱԺ փոխնախագահը ևս մեկ անգամ հավաստիացրեց, որ պատգամավորական մանդատները վայր չեն դնելու, որովհետև իրենց ընտրել են ՀՀ քաղաքացիները շատ հստակ ուղերձով` երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից ու հեռացնել գործող իշխանությանը, հետևաբար, մանդատը պետք է բացառապես ծառայի ժողովրդական օրակարգին, որը ձևավորվել է փողոցում։
Հիշեցնենք` հունիսի 27-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առցանց ասուլիսում ասել է, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունում «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների բացակայությունների թույլատրելի սահմանը հատելու վերաբերյալ որոշում դեռ չկա։ Նա հիշեցրել է, որ ՀՀ օրենսդրությամբ և Սահմանադրությամբ գոյություն ունի ԱԺ պատգամավորին մանդատից զրկելու կարգ, ինչի հիմքում դրված է 1 նստաշրջանում քվեարկությունների կեսից ավելիից բացակայելը։ Ըստ Փաշինյանի` եթե ընդդիմադիր պատգամավորներին մանդատներից զրկելու վերաբերյալ ԱԺ խորհուրդը որոշում կայացնի, ապա հարկ կլինի դիմել ՍԴ` վերջնական որոշում կայացնելու համար։
Մայիսի 1-ից, երբ մայրաքաղաքում սկսվեցին «Դիմադրություն» շարժման բողոքի ակցիաները, ընդդիմադիր պատգամավորները գրեթե չեն մասնակցել ԱԺ նիստերին։