Բաքվի հետ համաձայնեցվե՞լ է Սյունիքով անցնող երթուղին. Գրիգորյանի գրասենյակը չի մեկնաբանում

«Իզվեստիան» գրել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը պայմանավորվել են Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային ճանապարհի շուրջ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հայտնել է, որ չի մեկնաբանում «Իզվեստիա» թերթի այն տեղեկությունը, թե Ադրբեջանը համաձայնեցրել է Սյունիքի տարածքով անցնող ավտոճանապարհի երթուղին:
Ավելի վաղ «Իզվեստիան», հղում անելով բարձրաստիճան աղբյուրին, հոդված էր հրապարակել, որում ասվում է, թե Ռուսաստանը օգնել է Հայաստանին և Ադրբեջանին պայմանավորվել Զանգեզուրի միջանցքի ավտոմոբիլային ճանապարհի շուրջ, մնում է միայն համաձայնեցնել 6 կմ փոքր հատվածը։ Մնացած 40 կիլոմետրը հին խորհրդային ճանապարհներ են` Իրանի հետ սահմանի երկայնքով։

«Անանուն աղբյուրների կողմից տրված տեղեկատվության մեկնաբանումը ճիշտ չենք համարում»,- ասացին Գրիգորյանի գրասենյակից։

Հիշեցնենք` հունիսի 28-ին Մհեր Գրիգորյանը հայտնել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ: