ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. Վաղը` հուլիսի 1-ին` ժամը 11:00-ին, Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի քննարկելու ընդդիմադիր պատգամավորներին ԱԺ փոխնախագահի ու մշտական հանձնաժողովի ղեկավարի պաշտոններից զրկելու հարցը։
Արտահերթ նիստի նախաձեռնողը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն է։
Խմբակցության պատգամավորների առաջարկով է ձևավորվել նաև արտահերթ նիստի օրակարգը։
Ազգային ժողովի խորհուրդն այսօրվա նիստում հաստատել է թե՛ նիստ գումարելու հարցը, ու թե՛ նիստի օրակարգը։
Օրակարգում երկու նախագիծ կա.
1. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանին ԱԺ նախագահի պաշտոնից հետ կանչելու մասին։
2. ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում Վահե Հակոբյանի լիազորությունները դադարեցնելու մասին։
Հունիսի 28-ին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը հայտարարել է, որ ՔՊ-ն որոշել է «Հայաստան» խմբակցությունը ներկայացնող Իշխան Սաղաթելյանին հեռացնել Ազգային ժողովի նախագահի տեղակալի պաշտոնից, իսկ Վահե Հակոբյանին` ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնից։