«Չնախատեսված տեղում աղբ թափելն ամոթ է». որքան էլ հայ երիտասարդներից ոմանք այս հեշթեգով սոցցանցերում փորձում են պայքարել Հայաստանի ու հատկապես քաղաքամայր Երևանի մաքրության համար, միևնույն է` աղբ չթափելու մշակույթը մեզ մոտ դեռ կաղում է։
Աղբով լի պարկը դրել են ծառի տակ
© Sputnik / Naira Melkumyan
Վերջին օրերին համացանցում մեծ աղմուկ բարձրացրեց մի տեսանյութ, որում ընկերություններից մեկի աշխատակցուհին Մալաթիա թաղամասի շուկայի հետնամասում գտնվող ոռոգման ջրանցքն արկղերով աղբ էր լցնում:
Երևանի քաղաքապետարանը մեկ օր անց արձագանքեց, որ արձանագրություն է կազմվել ՀՀ վարչական իրավախախտումերի օրենսգրքի 43.1-ի 4 մասով, որով 160,000-200,000 դրամ տուգանք է նախատեսված։
Ցավոք, նման դեպքերը բացառիկ չեն նաև Երևանի կենտրոնում։
Օրեր առաջ Երևանի ավագանու նիստում ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասաց. «Երևանն ավելի կեղտոտ է, քան առաջ, ու հարց է, թե էլի քանի՞ աշխատող պետք է ընդունեն, որպեսզի քաղաքը մաքուր լինի։ Իսկ միգուցե խնդիրը մենեջմենթի՞ մեջ է»։
Նշենք, որ 1 մլն-ից ավելի բնակչությամբ Երևան քաղաքի մաքրությունն ապահովող 300 հավաքարարների թիվը վերջերս որոշվեց ավելացնել ևս 200 ով։
Sputnik Արմենիայի հետ զրույցում Աբգարյանը շեշտեց, որ քաղաքում մաքրության ապահովումը կարևոր է հատկապես ամռան ամիսներին։
«Առանց այն էլ Երևանի օդում փոշին շատ-շատ է։ Մայթերը ցախավելով մաքրելիս նույն փոշին բարձրանում է օդ։ Երբեմն մարդիկ կանգառում կանգնած են լինում, հավաքարարը գալիս է, փոշի բարձրացնում։ Սա լուրջ խնդիր է և մասնագիտական քննարկում է պահանջում, որի արդյունքում պետք է վերանայվի Երևանի փողոցները մաքրելու` այս հին ցախավելային ձևը»,- ասաց նա։
Աբգարյանը վստահ է, որ Երևանի պես քաղաքի համար մեկ կամ երկուանգամյա մաքրումը շատ քիչ է, որովհետև ժամը 17-ին արդեն ունենում ենք աղբի մեջ կորած քաղաք։
«Օրվա ընթացքում, Չեռնոգորիայի օրինակով, պետք է լինեն փողոցներով անցնող հավաքարարներ, որոնք պարբերաբար կդատարկեն փոքր աղբամանները։ Դա շատ կարևոր է հատկապես ամռան ամիսներին, երբ մարդիկ շատ են խմում զովացուցիչ ըմպելիքներ, և փոքրիկ աղբամանները շատ արագ լցվում են պլաստիկով։ Աղբամանից դուրս մնացած ցանկացած աղբ էլ քամին տանում է ու դարձնում փողոցային աղբ։ Երկու օր առաջ Մաշտոցի պուրակում ժամը 17–ին բոլոր աղբամանները լիքն էին և դրանց կողքին` աղբի կույտեր»,–ասում է Աբգարյանը։
Նա վստահ է, որ «հեծանիվ հորինելու» կարիք չկա, ընդամենը պետք է հավաքվեն մարդիկ, որոնք փորձ ունեն, գործընկերներ ունեն մաքուր քաղաքներում ու հասկանան` այդ փորձն ինչպես այստեղ կիրառել։
Հակառակ դեպքում, հավաքարարների թիվն է ավելացվում, գումար է տրամադրվում, բայց արդյունքը չի երևում։
Ինչ վերաբերում է տուգանքներն ավելացնելուն, Աբգարյանը վստահ է, որ դա էլ խնդրի լուծում չէ, եթե համակարգային մոտեցում չլինի։
«Մենք կարող ենք մեկ միլիոն դրամ տուգանք սահմանել աղբ թափող քաղաքացու համար, բայց եթե մենք հետամուտ չենք լինելու ու չենք մոտենալու աղբ թափող քաղաքացուն, ոչինչ չի փոխվի։ Պարզապես պետք է կոնկրետ նշվի, թե որ մարմինը պետք է հետևի, որ քաղաքացիները փողոցում, չնախատեսված վայրերում աղբ չթափեն։ Բացի այդ, ինչպե՞ս են տուգանելու, եթե, օրինակ, քաղաքացու մոտ անձը հաստատող փաստաթուղթ չկա»,-ասաց Աբգարյանը։
Նա նաև շոշափեց ձմռան ամիսներին հանրապետության տարածքում աղի հետ շաղ տրվող կարմիր ավազի խնդիրը, որը կրկին բարձրանում է օդ ու վնասում մարդկանց առողջությունը, բացի այդ, փչանում են փողոցները մաքրելու համար նախատեսված փոշեկուլները։ Այժմ ուզում են շահագրգիռ կողմերի հետ Երևանի ավագանու նիստում առաջարկ ներկայացնել, որ ձմռան ամիսներին փողոցներում միայն աղ լցվի, ինչպես առաջ էր։
Խնդրի վերաբերյալ Երևանի քաղաքապետարանից Sputnik Արմենիային տեղեկացրին, որ Երևանի փոքր կենտրոնում քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի կողմից սանմաքրման աշխատանքները պարտադիր բնույթ կրում են օրական երկու անգամ, որին մասնակցում է 45 աշխատակից։
Առանձին դեպքերում, երբ հանրային միջոցառումներ կան, ելնելով անհրաժեշտությունից` կարող է երրորդ անգամ մաքրվել։ Փոքր կենտրոնում 42 բանվորներ էլ գիշերային և ցերակային ժամերին աղբահանություն են իրականացնում։ Ճիշտ է, օրինախախտների համար վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը տալիս է հնարավորություն՝ կիրառելու վարչական պատասխանատվության մեխանիզմներ, բայց զուտ ընթացակարգի առումով ամեն ինչ այդքան էլ պարզ չէ։
«Եթե մեր աշխատակիցները հայտնաբերում են ապօրինի աղբ թափելու դեպք և կարողանում են ֆիքսել այդ փաստը, խնդիրն այն է, որ եթե այդ պահին տվյալ քաղաքացին իր մոտ անձը հաստատող փաստաթուղթ չունենա, տեխնիկապես հնարավոր չի լինի արձանագրություն կազմել»,- նշում են քաղաքապետարանից։
Այն, որ այդքան էլ հեշտ գործ չէ ներկայիս իրավական մեխանիզմներով քաղաքացիներին տուգանելը, նաև թվերն են փաստում։
Օրինակ` Կենտրոն վարչական շրջանում 2022 թվականի հունվարից մինչև մարտ ամիս ընդամենը 5 արձանագրություն է կազմվել։
Նշենք, որ այդ արձանագրություններն էլ հիմնականում կազմվել են շինարարական աղբ դատարկող իրավաբանական կամ ֆիզիկական անձանց նկատմամբ, քանի որ այդ դեպքում ավելի հեշտ է օրինախախտին հայտնաբերելը։
«Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում շեշտեց, որ խնդիրը քաղաքացիների անփույթ վերաբերմունքն է սեփական երկրի հանդեպ։ Բայց կան խնդիրներ, որոնք պետք է լուծել, օրինակ` Երևանի ծայրամասերում փոքր աղբատարերի թիվը բավականին քիչ է, բացի այդ, ժամանակին չեն դատարկվում, մարդիկ էլ գալիս են, տեսնում են աղբամանը լիքն է, հաճախ աղբը կողքն են թափում։
Այդ խնդիրը լուծելուց հետո միայն պետք է անցնել վերահսկողության մեխանիզմներին, որպեսզի մարդիկ աղբը չգցեն որտեղ պատահի։
Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ ոստիկանության հետ օրենսդրական փոփոխությունների փաթեթ են մշակում, որով չնախատեսված վայրում աղբ թափելու համար տուգանքների չափը կմեծանա, միայն թե՝ դեռ օդում կախված է այն հարցը, թե ովքեր են ի վերջո վերահսկողություն իրականացնելու։
«Փաստացի այսօր մենք չունենք ոլորտում վերահսկող մարմին, որը պատշաճ կկատարի իր գործառույթները։ Ի՞նչ են անում, օրինակ, հարևան Վրաստանում։ Երբ աղբ թափած անձը անձնագիր չունի, տեղափոխում են ոստիկանության բաժին ու պարզում նրա ինքնությունը, ապա տուգանում»,- ասում է Չիլինգարյանը։
Նա վստահ է, որ խնդիրն անլուծելի չէ, միայն թե համակարգային մոտեցում է պետք։ Պետք է նախևառաջ քաղաքացիներին կրթել, ապա, խիստ պատժել` տուգանքների տեսքով։ Փորձը ցույց է տալիս, որ նման դեպքերում մարդկանց գրպանին դիպչելն աշխատում է։