«Ադրբեջանին ռազմական աջակցությունը հակասում է մեր արժեքներին»․ ԱՄՆ սենատորներ

Ռոբերտ Մենենդես
Սենատորները նշել են, որ Պետքարտուղարությունը պետք է գործի լիակատար թափանցիկությամբ և տրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները, որպեսզի Կոնգրեսը գնահատի Բաքվին տրամադրվող ցանկացած օգնություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի - Sputnik. ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը ասել է, որ ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին տրվող աջակցությունը «ազդել է Հայաստանի ու Ադրբեջանի հավասարակշռության վրա», տեղեկացնում է Ամերիկայի հայկական համագումարը։
Մենենդեսը նշել է, որ ինքը շարունակելու է խստորեն վերահսկել Ադրբեջանին տրամադրվող ցանկացած օգնություն։
«Ակնկալում եմ, որ Պետքարտուղարությունը կգործի լիակատար թափանցիկությամբ և կտրամադրի բոլոր անհրաժեշտ մանրամասները, որպեսզի Կոնգրեսը գնահատի Բաքվին տրամադրվող ցանկացած օգնություն», - ասել է Մենենդեսը։
Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ Ադամ Շիֆը նույնպես դեմ է արտահայտվել Ադրբեջանին ռազմական աջակցություն ցուցաբերելուն։
«Դա հակասում է ԱՄՆ ժողովրդի հիմնական ժողովրդավարական արժեքներին և կարող է Ալիևի վարչակարգին ուժ տալ՝ շարունակելու կամ սաստկացնելու իր սադրիչ գործողությունները հայերի դեմ», - ասել է Շիֆը;
Նշենք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ֆինանսական տարվա պետական, արտաքին գործառնությունների և հարակից ծրագրերի հատկացումների 2023 թվականի օրինագիծը ներառում է մարդասիրական օգնություն Հայաստանին և Արցախին՝ 62 մլն դոլարի չափով։