ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի – Sputnik. ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով, սակայն Ադրբեջանի կազմում ցանկացած կարգավիճակ անընդունելի է։ Արցախի ԱԺ 7-րդ գումարման 5-րդ նստաշրջանի ամփոփիչ նիստի ժամանակ իր ելույթում այս մասին ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։
«Մեր նպատակն է հասնել անկախության միջազգային ճանաչման` Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի անվերապահ իրացման միջոցով։ ԼՂ հակամարտության սկզբունքները տեսնում ենք հետևյալ կերպ` բանակցային ճանապարհ, տեղահանվածների վերադարձ հայրենի տներ, ԵԱՀԿ Մինսկի խմբի միջազգային առաքելության պահպանում, սակայն ՌԴ առաջնային դերակատարությամբ»,–ասաց Հարությունյանը։
Նրա խոսքով` պետք է դուրս բերել Արցախի Հանրապետությունը միջազգային մեկուսացումից։
Հարությունյանը նշեց, որ կշարունակեն ջանքեր գործադրել Արցախի միջազգային ճանաչման համար` նոր հաջողություններ արձանագրելով նահանգային մակարդակի ճանաչման ակտերի ընդունման առումով։