Վերին Լարսով ՌԴ-ից Վրաստան տանող ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար

Անցակետ. Արխիվային լուսանկար
Մինչ այս երթևեկությունը դադարեցվել էր հունիսի 28-ին ժամը 21:15-ից մինչ հատուկ կարգադրություն ստանալը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով ՌԴ-ից Վրաստան տանող ճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի գծով ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը։
«Հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու հնարավորությունը, ինչպես նաև «Կովկաս» դաշնային ճանապարհային գործակալության մասնաճյուղի խորհուրդները, թույլատրվում է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների տեղաշարժը Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երթևեկությունը վերսկսվել է հունիսի 29-ին ժամը 09:10-ից մինչ հատուկ կարգադրություն ստանալը։
Հիշեցնենք` հունիսի 27-ին, վրացական կողմում Վերին Լարս տանող մայրուղու 136-րդ կմ-ում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։
Ավելի ուշ վրացական կողմը նոր հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։ Հունիսի 28-ին ժամը 21:15-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։