ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. «Վերին Լարս» անցակետով ՌԴ-ից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։
Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի գծով ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը։
«Հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անհնարիությունը, ինչպես նաև «Կովկաս» դաշնային ճանապարհային գործակալության մասնաճյուղի խորհուրդները` Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում երկկողմանի արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երթևեկությունը դադարեցվել է հունիսի 28-ին ժամը 21:15-ից մինչ հատուկ կարգադրություն ստանալը։
ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը խորհուրդ է տալիս երթևեկության մասնակիցներին տեղաշարժը ծրագրել զարգացող իրավիճակին համապատասխան և զերծ մնալ այդ ուղղությամբ ճամփորդելուց։
Հիշեցնենք` հունիսի 27-ին, վրացական կողմում Վերին Լարս տանող մայրուղու 136-րդ կմ-ում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ Ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։
Ավելի ուշ վրացական կողմը նոր հայտարարություն էր տարածել` նշելով, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։