ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Թուրքիան ակնկալում է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան կարտահանձնեն Քրդստանի աշխատավորական կուսակցության (ՔԱԿ) և FETO-ի (իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությունը) 33 անդամների: Ինչպես հայտնում է TRT Haber-ը, այս հայտարարությունն արել է Թուրքիայի արդարադատության նախարար Բեքիր Բոզդաղը։
«Ֆինլանդիայում ՔԱԿ-ի և FETO-ի 6-ական անդամների, Շվեդիայում` ՔԱԿ-ի 11 և FETO-ի 10 անդամների վերաբերյալ դիմումները սպասման մեջ են։ Հաշտեցումից հետո մենք կվերաշարադրենք դրանք և կհիշեցնենք նրանց վերադարձնելու մասին»,- ասել է Բոզդաղը։
Թուրքիան ընդհանուր առմամբ պահանջել է արտահանձնել ՔԱԿ-ի 33 անդամների, սակայն, ըստ նախարարի, այսօրվա դրությամբ ո՛չ Շվեդիան, ո՛չ Ֆինլանդիան դրական պատասխան չեն տվել արտահանձնման հարցումներին։
Հիշեցնենք` Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։
Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Երեկ` հունիսի 28-ին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որով սկիզբ է դրվել ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ բանակցություններին: Երկրները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, պարտավորվել են չաջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) ու իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը (FETO)։