ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՃՈ պետի նախկին տեղակալի և ոստիկանության մեկ այլ պաշտոնյայի հակամրցակցային գործունեության հետևանքով պետությանը պատճառվել է 67 մլն դրամի վնաս, դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն քրեական գործ է հարուցել։
Պարզվել է, որ ոստիկանության ՃՈ պետի տեղակալ Ա.Տ.-ն, տեղյակ լինելով, որ ոստիկանությանն համարանիշ մատակարարելու նպատակով ՀՀ շուկա է ցանկանում մուտք գործել ռուսական ընկերություն, հակամրցակցային գործողություններ է կատարել հօգուտ 20 տարուց ավելի ՃՈ ծառայությանը համարանիշ մատակարարող եվրոպական ընկերության։
Մասնավորապես, Ա.Տ.-ն, ՀՀ-ում գնման օրենսդրության շրջանցմամբ, ատվոհամարանիշում դեռևս 2018 թ.-ից ներառել է եվրոպական ընկերության կողմից մշակված նորամուծություն՝ «Անզեն աչքով ոչ տեսանելի պաշտպանական գծապատկեր» պաշտպանիչ տարր։ Դրանից հետո ռուսական ընկերության առջև նաև իրավական խոչընդոտներ ստեղծելու նպատակով 2019 թ.-ի համարանիշ գնելու գործընթացի շրջանակում դրա տեխնիկական բնութագրում ապօրինաբար ավելացրել է հիշյալ պաշտպանիչ տարրը որպես պարտադիր պահանջ:
«Միաժամանակ, Ա.Տ.-ն գնման գործընթացում անհիմն վարկաբեկել է մատակարարվելիք ապրանքը։ Իսկ ռուսական ընկերության ներկայացուցիչներին սպառնացել, որ մատակարարվելիք համարանիշերը ենթարկելու է փորձաքննության այն դեպքում, երբ եվրոպական ընկերության կողմից 20 տարուց ավելի մատակարարվածները երբևէ փորձաքննության կամ փորձարկման չեն ենթարկվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
Բացի այդ, ոստիկանության տնտեսական վարչության պետի տեղակալ Ա.Կ.-ն էլ իր հերթին, հանդիսանալով 2019 թվականի համարանիշ գնահատող հանձնաժողովի նախագահ, ՃՈ ղեկավարության դիրքորոշմանը չհակադրվելու համար գնման ընթացակարգում ներառել է վերոհիշյալ տարրի պարտադիր լինելը։
Այսպիսով, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերը ռուսական ընկերությունից 3342 դրամով ձեռք բերելու փոխարեն դրանք 2019 թվականի հունվարից մայիսի 5-ն ընկած ժամանակահատվածում ձեռք են բերվել եվրոպական ընկերությունից 4380 դրամով։ Սրա հետևանքով պետությունը կրել է 67 միլիոն դրամի վնաս։
Միաժամանակ, հիմնավորվել է, որ եվրոպական ընկերության մասնակցին փոխկապակցված և ՀՀ-ում գործող առևտրային 2 կազմակերպությունների ղեկավար Ա.Վ.-ն եղբոր օժանդակությամբ չի վճարել 276 միլիոն (տույժ-տուգանքներով՝ 577 միլիոն) դրամի հարկերը։
ՀՀ ոստիկանության ՃՈ ծառայության պետի նախկին տեղակալ Ա.Տ.-ին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (հակամրցակցային գործունեությունը) և 308-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության պետի նախկին տեղակալ Ա.Կ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ հարկերի վճարումից խուսափող Ա.Վ.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (հարկը, տուրքը կամ պարտադիր այլ վճարը չվճարելը) և 325-րդ հոդվածի 2-րդ մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձևաթղթեր, տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը):
Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: