Տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը կառողջացնի իրավիճակը Հարավային Կովկասում. ՌԴ ԱԳՆ

Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության համոզմամբ, թույլ կտա Բաքվի ու Երևանի հարաբերությունների համալիր կարգավորում ապահովել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Տնտեսական կապերի ապաշրջափակումը կծառայի Հարավային Կովկասում իրավիճակի առողջացմանը։ Ճեպազրույցի ընթացքում նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Մենք միշտ ընդգծել ենք, որ Հարավային Կովկասում բոլոր տրանսպորտային տնտեսական կապերի ապաշրջափակումն աշխատում է դրական միտումների ամրապնդման ուղղությամբ, ի վերջո՝ տարածաշրջանում իրավիճակի առողջացման համար», - ասել է Զախարովան:
Երեք երկրների ղեկավարների պայմանավորվածությունների իրականացումը թույլ կտա Բաքվի ու Երևանի հարաբերությունների համալիր կարգավորում ապահովել:
Ավելի վաղ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնել էր, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի փոխվարչապետների մասնակցությամբ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մերձեցնել Երևանի ու Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, որոնք կապված են, մասնավորապես, սահմանային և մաքսային հսկողության հետ: