Թիվ մեկ խնդիրն ուշացած արդարադատությունն է լինելու. Վարդապետյանը խոսեց անելիքների մասին

Աննա Վարդապետյան
Աննա Վարդապետյանը նշում է, որ «մաղով ջուր կրելուն» է նման այն պրոցեսը, երբ որևէ հանցագործություն կանխարգելման փոխարեն բանը հասնում է քրգործ հարուցելուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի միակ թեկնածու Աննա Վարդապետյանի թիվ մեկ խնդիրն ուշացած արդարադատության հարցում եղած խնդիրները լուծելն է լինելու։ Այդ մասին հայտարարեց Վարդապետյանն ԱԺ արտահերթ նիստի ժամանակ իր ելույթում` խոսելով այն թեմաների մասին, որոնք իր ուշադրության կենտրոնում են լինելու ընտրվելու դեպքում։
Հայտնել ենք, որ ԱԺ-ում արտահերթ նիստ է, որին մասնակցում են միայն իշխանական պատգամավորները։ Օրակարգում ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցն է։

«Բացի այդ, միջին ծանրության քրգործերի քննությունը կարող է ձգձգձվել մինչև 5 տարի, նույն խնդիրն ունենք մինչդատական վարույթում, հատկապես փորձաքննության փուլում։ Կարծում եմ` այս դեպքում արդյունավետ դատախազական հսկողություն է պետք իրականացնել»,- ասաց Վարդապետյանը։

Նրա խոսքով` խնդիրներ են առաջանում, երբ քննիչն ու դատախազն իրար հետ չեն շփվում, իսկ տուժողը ստիպված տեղապտույտի մեջ է ընկնում։ Ուստի, ըստ նրա, կարևոր է համագործակցել աշխատանքի մեջ։
Վարդապետյանը նշում է, որ կարևոր է, որպեսզի հովանավորչությունը մերժվի, քանի որ կոռուպցիան միայն կաշառքով չի դրսևորվում։ Բացի այդ, պետք է այնպես անել, որ կանխարգելման մեխանիզմն աշխատի, այլ ոչ թե բանը հասնի քրգործ հարուցելուն, քանի որ այդ դեպքում «մաղով ջուր են կրում» պարզապես։