Շպիցբերգենի նկատմամբ Նորվեգիայի ինքնիշխանությունը մեծ հարցականի տակ է. ՌԴ

Շպիցբերգեն. Արխիվային լուսանկար
Նորվեգիան մերժել է ՌԴ-ի հայտը ռուս-նորվեգական սահմանի միակ անցակետով՝ Ստուրսկուգով Շպիցբերգենի ռուսական բնակավայրերի համար նախատեսված բեռների անցման վերաբերյալ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Օսլոյի կողմից Շպիցբերգեն գնացող ռուսական բեռները բաց թողնել հրաժարվելուց հետո արշիպելագի նկատմամբ Նորվեգիայի ինքնիշխանությունը մեծ հարցականի տակ է, հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի սահմանադրական օրենսդրության կոմիտեի նախագահ Անդրեյ Կլիշասը: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նորվեգիան մերժել է ՌԴ-ի հայտը ռուս-նորվեգական սահմանի միակ անցակետով՝ Ստուրսկուգով Շպիցբերգենի ռուսական բնակավայրերի համար նախատեսված բեռների անցման վերաբերյալ, ավելի վաղ հայտնել էր նորվեգական NRK հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։
Նորվեգիան միանում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցներին
Դաշնային խորհրդի փոխխոսնակ Կոնստանտին Կոսաչևը հայտարարել է, որ այդ որոշմամբ Նորվեգիայի իշխանությունները խախտել են 1920 թվականի Փարիզի պայմանագիրը, որի համաձայն կողմերը, այդ թվում՝ Նորվեգիան և Ռուսաստանը, ճանաչում են Նորվեգիայի ինքնիշխանությունը Շպիցբերգենի նկատմամբ, բայց պայմանով, որ համաձայնագրի մասնակից երկրների բեռների ներմուծումը սահմանափակումների չի ենթարկվի:
Անդրեյ Կլիշասը իր Telegram-ալիքում գրել է, որ համաձայն է Կոսաչևի հետ, իսկ դիվանագիտական լեզվից իրավաբանականի թարգմանելով՝ Նորվեգիայի գործողություններից հետո Շպիցբերգենի նկատմամբ այդ երկրի ինքնիշխանությունը մեծ հարցականի տակ է։