Սաթի Սպիվակովայի «Իրական դասական»–ը. ինչո՞ւ է նա դժվարանում խոսել այսօրվա Հայաստանի մասին

ՍԱթի Սպիվակովա
Դերասանուհի, հաղորդավարուհի Սաթի Սպիվակովան Sputnik Արմենիայի եթերում խոսել է իր հայերեն գրքի ու արվեստի դերի մասին, ասել է, թե ինչպես է վերաբերվում այսօրվա Հայաստանին։
Sputnik
Գրքում, ինչպես Սաթի Սպիվակովայի վարած ծրագրում (հեռարձակվում է «Կուլտուրա» հեռուստաալիքով), արվեստի ոլորտի ներկայացուցիչները քննարկում են դասական արվեստը, ներկայացնում իրենց կյանքի պատմությունները։ Ծրագրի հյուրերից են եղել այնպիսի անվանի արտիստներ, ինչպիսիք են Մայա Պլիսեցկայան, Ռոդիոն Շեդրինը, Ալլա Դեմիդովան, Ֆանի Արդանը, Վալենտին Գաֆտը, Անդրեյ Կոնչալովսկին...
- Զրույցի հրաշալի առիթ ունենք։ Լույս է տեսել Ձեր «Իրական դասական» գրքի հայերեն տարբերակը։
- Շատ ինքնատիպ ձևով են թարգմանել, քանի որ «Ոչ ձանձրալի դասական» տարբերակը հայերեն ծանր կհնչեր, թարգմանել են «Իրական դասական»։
- Բայց չէ՞ որ դասականն էլ է ձանձրալի լինում:
- Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես և ով է կատարում։ Եթե ոչ շատ խորը կամ ոչ շատ տաղանդավոր երաժիշտ է, որը չի կարողանում վերակենդանացնել դասականը և կյանքի գույներով լցնել, կարող է ձանձրալի լինել:
- Իսկ Ձեզ համար «ձանձրալի» կոմպոզիտորներ կա՞ն:
- Կարծում եմ` կան երկրորդական կոմպոզիտորներ։ Ասում են` Սալյերիննշանավոր էր և իր ժամանակին նույնիսկ ավելի հայտնի, քան Մոցարտը։ Նրա ստեղծագործությունները հիմա Արևմուտքում շատ են կատարում, բայց ինձ համար դա երկրորդական երաժշտություն է։
Սաթի Սպիվակովա
- Ինչպե՞ս կսահմանեք «դասական» հասկացությունը:
- Այն, ինչ ստուգված է ժամանակով ու ավելի ուժեղ է, քան ժամանակը: Այն, ինչ ժամանակի ընթացքում նոր իմաստ ու նշանակություն է ստանումև չի հնանում։ Միտումը՝ լինի արվեստում, տեխնոլոգիաներում, թե կենցաղում, կարող է կորցնել արդիականությունը։
- Բայց ժամանակի հասկացությունը նույնպես հարաբերական է։ Չի կարելի խոսել ինչ-որ կոնկրետ հատվածի մասին, որից հետո ինչ-որ բան, ըստ սահմանման, դառնում է դասական։
- Իմ կարծիքով՝ եթե գիրքը, հուշարձանը, վեպը, ճարտարապետական կոթողը20 տարի անց շարունակում է հետաքրքրել, դառնում է դասական:
- Գիրքը 2020-ին է լույս տեսել, ճի՞շտ է։
- Գիրքը վաղուց էի պատրաստել, բայց, ինչպես ասում են, չկա չարիք` առանց բարիքի։ Կորոնավիրուսի համավարակի ժամանակ ամուսնուս հետ փակվել էինք Մոսկվայի բնակարանում, ու հասկացա, որ բազմաթիվ ձեռագրեր ունեմ, և կա խմբագիր Ելենա Շուբինան։ Որոշեցի ընտրել միայն այն հարցազրույցները, որոնցում դեմ առ դեմ էի զրուցել։ Գիրքը «քանդված» վիճակում էր, ու պետք էր էսսեի տեսքով նախաբան գրել։
Ես ինձ ստիպեցի օրական առնվազն երեք գլուխ ավարտել։ Վերջացրի 2020-ի գարնանը, ու լույս տեսավ հոկտեմբերին, երբ ես, այնուամենայնիվ, հիվանդացա կորոնավիրուսով: Հոգեբանորեն ծանր ժամանակաշրջան էր` Արցախում պատերազմ էր, տանը մենակ էի, ամուսինս հյուրախաղերի էր։ Ու ինձ բերեցին առաջին օրինակը։ Եվ այդ ժամանակ էլ իմ ընկեր Ռուբեն Իշխանյանի հետ զրույցում որոշեցինք, որ գիրքը միանգամից թարգմանենք հայերեն։
Սաթի Սպիվակովա
- Ո՞ւմ հետ կարող էիք զրուցել, բայց այդպես էլ չհասցրիք, և ինչի՞ համար եք հիմա ափսոսում:
- Կզարմանաք, բայց չհասցրի զրուցել մի մարդու հետ, որին շատ լավ գիտեի, որի հետ ընկերություն էի անում՝ Մստիսլավ Ռոստրոպովիչի (աշխարհահռչակ թավջութակահար. խմբ.)։ Այնպես ստացվեց, որ ո՛չ նրա, ո՛չ էլ Գալինա Վիշնևսկայայի (օպերային երգչուհի, Ռոստրոպովիչի կինը. խմբ.) հետ չհասցրի զրուցել:
Ես երազում էի Գենադի Ռոժդեստվենսկու հետ հաղորդում անել։ Հավանաբար չստացվեց որոշ անձնական հանգամանքների պատճառով, թեև ես կարծում էի, որ այդ «անձնական հանգամանքները» կարելի է ստուդիայից դուրս թողնել։ Բայց... չստացվեց։ (Սաթի Սպիվակովայի ամուսինը` աշխարհահռչակ դիրիժոր Վլադիմիր Սպիվակովի առաջին կինը դաշնակահարուհի Վիկտորյա Պոստնիկովան է եղել, որը ժամանակին հեռացել է ու ամուսնացել Գենադի Ռոժդեստվենսկու հետ (ԽՍՀՄ-ի առաջին դիրիժորը, որն աշխատում էր Եվրոպայում))։
Նա հիանալի դաշնակահարուհի է, իսկ Գենադի Նիկոլաևիչը` հիանալի դիրիժոր և մեծ մտավորական։ Ես շատ եմ ցավում, որ անձնական հանգամանքներն անգամ այսքան տարի անց դեր խաղացին։ Չնայած վստահ եմ, որ կենցաղային ամեն բան անցնում է, ու մնում է անհատականությունը, տաղանդը:
Երևի դեռ շատ մարդիկ կան, օրինակ` Ազնավուրը, որի հետ նույնպես չկարողացա զրուցել հաղորդման շրջանակում։
- Ձեր վերջաբանում մի հատված կա, որտեղ խոսում եք Հայդնի «Հրաժեշտի սիմֆոնիայի» ավարտի մասին, այն մոմի, որը մարում է ջութակի «վերջին հույսի» երաժշտության ներքո: Արվեստը պետք է անպայման հույս թողնի՞, թե՞ անելանելիությունը նույնպես գոյության իրավունք ունի։
- Լավ հարց է, բայց բարդ։ Dum spiro spero. քանի դեռ ապրում եմ, հույս ունեմ։ Արվեստի դերը հույս ներշնչելն է։ Մենք այնքան շատ ենք անելանելի վիճակների բախվում, երբ թվում է` ոչ մի հույս չկա։ Ու հանկարծ հայտնվում է։ Մտածում ես, որ մարդուն ու մարդկությանը բաժին հասած փորձությունների հետ ընդհանարապես հնարավոր չէ ապրել, բայց դու արթնանում ես ու ապրում։ Ես ներքին համոզմունք ունեմ, որ արվեստը միակ բանն է, որ կարող է սփոփել ու հուսադրել, և միակ բանը, որ բոլորիցս երկար է ապրելու։
- Դուք և Ձեր ամուսինը ձախորդությունների և ողբերգությունների ժամանակ միշտ Հայաստանի կողքին եք եղել նույնիսկ անկախությունից առաջ՝ սկսած 1988 թվականի երկրաշարժից։ Ի՞նչ կասեք մերօրյա դարաշրջանի մասին։
Քեզ մոտ ամեն ինչ կստացվի. Սպիվակովն այցելել է Զինվորի տուն
- Ինձ համար դժվար է այդ մասին արտահայտվել, որովհետև ես սիրում եմ առարկայական խոսել նաև այն ամենի մասին, ինչը ոչ միայն զգում եմ, այլև հասկանում: Վերջին տարիներին իմ կյանքն այնպես է դասավորվել, որ դժվարանում եմ գնահատել դարաշրջանը։ Խոստանում եմ լրացնել այդ բացը։ Վերջին տարիներին ինձ վրա այնքան գործ է թափվել, որ երբ Երևան եկա, առաջին անգամ զգացի, որ ես և՛ տանն եմ, և՛ կարծես հյուր լինեմ ինձ համար շատ թանկ վայրում։ Հիմա Հայաստանում ավելի հաճախ լինելու գործնական նախադրյալներ կան, և եթե կես տարի հետո հանդիպենք, կկարողանամ այդ մասին խոսել։
- Եկեք հուսանք։
- Եկեք։
Սաթի Սպիվակովա
Զտարյուն հայուհին. Սաթի Սպիվակովան լուսանկար է հրապարակել «հիշողության գզրոցներից