ՆԱՏՕ–ի առաջնորդները համաձայնեցրել են Կիևին տրամադրվող համալիր օգնության փաթեթը

Ուկրաինային տրամադրվող օգնության փաթեթը նախատեսում է ոչ մահացու սարքավորումների մատակարարում և պաշտպանական հատվածի արդիականացում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՆԱՏՕ–ի առաջնորդները Բրյուսելի գագաթնաժողովում պայմանավորվել են շարունակել Ուկրաինային քաղաքական և գործնական աջակցություն ցուցաբերել, ինչպես նաև համաձայնեցրել են երկարաժամկետ օգնության փաթեթը։ Այս մասին ասվում է գագաթնաժողովի առաջին նիստից հետո հրապարակված հռչակագրում։
«Մենք հաստատում ենք մեր անվերապահ աջակցությունը անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը` նրա միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակում։ Լիովին աջակցում ենք Ուկրաինայի ինքնապաշտպանության անքակտելի իրավունքին և անվտանգության ապահովման սեփական մեթոդների ընտրությանը։ Մենք համարժեք աջակցություն կցուցաբերենք՝ հաշվի առնելով իրավիճակի առանձնահատկությունը… Մենք կշարունակենք և ավելի կուժեղացնենք Ուկրաինային ցուցաբերվող քաղաքական և գործնական աջակցությունը», – նշված է փաստաթղթում։
ՆԱՏՕ–ի երկրների առաջնորդները հաստատել են նաև «ոչ մահաբեր զենքի մատակարարումների արագացում, կիբեռպաշտպանության ուժեղացում… և պաշտպանական հատվածի արդիականացում» նախատեսող փաթեթը։
Զելենսկու գրասենյակում ասել են` ինչքան գումար է անհրաժեշտ Ուկրաինայի վերականգնման համար
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 126-րդ օրը։