ՌԱԴԻՈ

ՆԱՏՕ-ին միանալը կշռադատված չէր, Շվեդիան ու Ֆինլանդիան տրվեցին ռուսաֆոբ մոդային․ Բալասանյան

ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի դոցենտ, միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը Sputnik Արմենիայի եթերում մեկնաբանել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցումը։
Sputnik
Սկանդինավյան երկրների՝ ՆԱՏՕ-ին անդամակցումը մինչև վերջ կշռադատված որոշում չէր, դրանից նրանք ավելի շատ կորցրին, քան շահեցին։ Sputnik Արմենիայի եթերում այս տեսակետը հայտնեց միջազգայնագետ Գրիգոր Բալասանյանը՝ անդրադառնալով Շվեդիայի ու Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու հայտին։
«Այդ երկրները տուրք տվեցին համընդհանուր ռուսաֆոբիային ու հայտարարեցին, որ իրենց համար կա սպառնալիք, չնայած երբեք Ռուսաստանի հետ խնդիրներ չեն ունեցել։ Իրենք տրվեցին այդ մոդային՝ մտածելով, որ կարող են բարձրացնել անվտանգության մակարդակը, բայց դեռ երկար մտորելու են՝ ճի՞շտ էր ՆԱՏՕ-ին անդամակցումը, թե՞ ոչ»,- ասաց Բալասանյանը։
Հիշեցնենք՝ հանուն դաշինքին միանալու, սկանդինավյան երկրները պարտավորություն ստանձնեցին կատարել ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի առաջ քաշած նախապայմանները։
Միջազգայնագետը կարծում է՝ սա, անշուշտ, թուրքական կողմի հաղթանակն էր ու առաջին հերթին՝ հենց ՆԱՏՕ-ի նկատմամբ, իսկ երբ ասում ենք ՆԱՏՕ-ի, կարելի է հասկանալ՝ Միացյալ Նահանգների նկատմամբ։ Բալասանյանի բնորոշմամբ՝ ԱՄՆ-ն չկարողացավ այնպես անել, որ սկանդինավյան երկրները չտրվեն թուրքական սպառնալիքներին, ինչը նաև ցույց տվեց, որ ԱՄՆ-ն կորցրել է իր երբեմնի ազդեցությունը դաշնակիցների նկատմամբ։

«Սա ուղղակի կարող է շատ վատ նախադեպ լինել։ Դաշինքի հետագա ընդլայնման և այլ հարցերի վերաբերյալ խնդիրները ՆԱՏՕ-ի անդամ երկրներն արդեն փորձելու են լուծել շանտաժի միջոցով»,- բացատրեց միջազգայնագետը՝ նշելով, որ Թուրքիան հենց շանտաժով կարողացավ հասնել իր ուզածին։

Թեպետ ՆԱՏՕ-ի նոր անդամները պարտավորություն են ստանձնել կատարել Անկարայի պահանջները, սակայն չի բացառվում, որ այս երկրներում հակաթուրքական տրամադրությունների աճ լինի, չնայած, Բալասանյանի դիտարկմամբ, այդ երկրներն ավանդաբար ընդգրկված չեն եղել հակաթուրքական դաշինքների մեջ։
Բացի այդ, այս իրադարձությունը, միջազգայնագետի կարծիքով, նաև խնդիրներ է առաջացնելու հենց սկանդինավյան երկրների հասարակություններում։ Դրանք երկրներ են, որոնք տասնամյակներ շարունակ ապահովել են կենսամակարդակի աճ հենց միայն այն բանի շնորհիվ, որ եղել են չեզոք։ Իրենք ստիպված չեն եղել բանակ պահել ու ռազմական ծախսերն ավելացնել, իսկ այս պարագայում ստիպված են մեծացնել ռազմական բյուջեն ու անդամավճար տալ ՆԱՏՕ-ին։
«Ինչպես ժամանակին ԱՄՆ նախկին պետքարտուղար Մադլեն Օլբրայթն էր նշում՝ «ՆԱՏՕ-ի ընդլայնումը թոշակներ բաժանելու ծրագիր չէ», պետություններն իրենք պետք է վճարեն իրենց անվտանգության ապահովման համար։ Այս ամենը խնդիր է, որոնց անշուշտ բախվելու են ֆիննական և շվեդական հասարակությունները, արդեն սովորական բնակիչն իր վրա է զգալու ՆԱՏՕ-ի անդամակցության լավ և վատ կողմերը»,- նշեց Բալասանյանը։
Նրա խոսքով՝ սոցիալական առումով լարվածության աճ կլինի, որը կբերի հակակառավարական ցույցերի կամ կառավարության նկատմամբ վստահության նվազման։ Մյուս կողմից՝ անհնազանդության գործողություններ ու ցույցեր կլինեն նաև քրդական համայնքից, որովհետև, օրինակ Շվեդիայում քրդական մեծ համայնք կա, քրդերը ներկայացված են նաև խորհրդարանում։
Այս ամենը հենց շվեդ հասարակության համար, կարծում է Բալասանյանը, տարօրինակ է լինելու, որովհետև այդ երկրում մատների վրա կարելի է հաշվել դեպքեր, երբ հակակառավարական ցույցեր են եղել կամ ակցիաներ։ Սովորաբար այն չեզոք կարգավիճակ ունեցող ու կենսամակարդակի բարձր ցուցանիշներով աշխարհի առաջատար երկրների թվում է եղել։

«Սկանդինավյան երկրներում խաղաղ անհնազանդության ակցիաները կարող են ամեն պահի վերածվել ոչ խաղաղ ակցիաների, ինչը կառավարությունների համար լրացուցիչ լրջագույն խնդիրներ է առաջացնելու երկրում անվտանգության ապահովման հետ կապված։ Կապված քրդական գործողությունների հետ, կարող է նաև ազգայնական տրամադրությունների աճ լինել, որը ևս կառավարությունների համար գլխացավանք է դառնալու»,- ասաց Բալասանյանը։

Հիշեցնենք` Ուկրաինայի իրադարձությունների համապատկերում Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր են ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։
Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):
Հհունիսի 28-ին Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան անվտանգության հուշագիր են ստորագրել, որով սկիզբ է դրվել ՆԱՏՕ-ի անդամակցության շուրջ բանակցություններին: Երկրները պայմանավորվել են ուժեղացնել համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարում, պարտավորվել են չաջակցել Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) ու իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը (FETO)։