ԿԳՄՍՆ աշխատակիցները Կոտայքի մարզում ծանոթացել են հուշարձանների վիճակին. ի՞նչ են արձանագրել

Նախարարության ներկայացուցիչները մշտադիտարկումներ են իրականացրել, ինչի արդյունքում պարզ է դարձել, որ հուշարձանների հետ կապված նախագծանախահաշվային փաստաթղթերը լրամշակելու կարիք կա։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աշխատակիցներն այցելել են Կոտայքի մարզ` Պտղնու տաճար, Կարենիսի, Նեղուցի վանքեր, Թեժառույք վանական համալիր, որպեսզի ծանոթանան առկա խնդիրներին, ուսումնասիրեն և արձանագրեն դրանք։ Տեղեկությունը հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։
Ճարտարապետական հուշարձան Կոտայքի մարզում
«Մշտադիտարկման արդյունքում մասնագետներն արձանագրել են, որ նշյալ հուշարձանները, թեև նախկին տարիներին մասնակի ուսումնասիրվել, ամրակայավել և վերականգնվել են, սակայն այսօր կրկին ուսումնասիրելու, եղած նախագծանախահաշվային փաստաթղթերը լրամշակելու կարիք կա՝ դրանք ամրակայելու, մասնակի կամ ամբողջական վերականգնելու նպատակով»,- նշված է հաղորդագրությունում։
Նեղուցի վանական համալիր
Տեղում մշտադիտարկվել է Կարենիս գյուղի Մաթևոս և Անդրեաս առաքյալների վանքի վերականգնման ընթացքը, որն իրականացվում է բարերարի միջոցներով, և որը գիտանախագծային փաստաթղթերի հիման վրա համաձայնեցված է լիազոր մարմնի հետ։
Տեղում քննարկվել են Նեղուցի և Թեժառույք վանական համալիրներին մոտենալու ճանապարհների խնդիրները։