ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Հայաստանյան քաղաքական դաշտում փոփոխությունների և նոր խաղացողների պետք է սպասել աշնանն ընդառաջ։ Sputink-ին տված հարցազրույցում այս տեսակետն է հայտնել Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) առաջատար գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը։
«Երևանի ավագանու ընտրության շուրջ իրավիճակը սկսում է զարգանալ, նախատեսվում է ընտրություններ անցկացնել հաջորդ տարի։ Բայց փորձագիտական միջավայրում սկսել են քննարկել, որ հնարավոր է` ընտրությունները շուտ լինեն։ Դա, այսպես ասած, «փորձ» կլինի` խորհրդարանական հաջորդ ընտրությունների հաշվարկով։ Քանի որ ընտրողների ավելի քան 30%-ը Երևանում է, այդ քարոզարշավը զուտ համայնքային չի լինի», - ընդգծել է Մարկեդոնովը։
Նա նաև նշել է, որ հունիսի կեսերից Հայաստանում բողոքի ակտիվության անկում է նկատվում։ Քաղաքագետի բնորոշմամբ՝ «նախկինները», որոնք զանգվածային գիտակցության տեսանկյունից արդարացի կարգախոսներ են ասում, չեն կարողանում արդյունքի հասնել հենց այն պատճառով, որ «նախկին» են։ Մարկեդոնովը կարծում է, որ նոր դեմքեր են պետք։
«Այսինքն՝ Հայաստանում մի կողմից քաղաքական իմաստով անդորր ենք տեսնում։ Մյուս կողմից տեսնում ենք որոշակի փոխդասավորություն։ Հայտնվում են նոր առաջնորդներ, նոր դեմքեր և հին առաջնորդները, որոնք փորձում են նոր կերպարով հասնել իշխանության։ Ես կարծում եմ, որ այստեղ դեռ շատ ինտրիգներ կան, և հավանաբար աշնանն ընդառաջ կհասկանանք՝ ինչպես է փոխվում հայկական քաղաքական դաշտը, ինչ նոր խաղացողներ են հայտնվում այնտեղ», - ասել է փորձագետը։
Նա նաև նշել է, որ հայկական մեդիադաշտում քննարկվում է մի շատ հետաքրքիր սյուժե, այն է՝ գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի հնարավոր մուտքը հայաստանյան քաղաքականություն:
Մարկեդոնովը կարծում է, որ Վարդանյանը` որպես մարդ, որին շատ բան է կապում Ռուսաստանի հետ, կարող է օգտակար լինել Երևանի և Մոսկվայի ռազմավարական հարաբերությունների հարցում։ Եվ հետո, ըստ փորձագետի, նա համաշխարհային էլիտաներին ավելի լավ գիտի ու ավելի շատ միջազգային փորձ ունի, քան ցանկացած հայկական քաղաքական գործիչ։
Ավելի վաղ հայկական մամուլը գրել էր, որ իշխանական կուլիսներում քննարկվում է մինչև տարեվերջ Երևանի քաղաքապետի ընտրություններ անցկացնելու հնարավորությունը: Շրջանառության մեջ է դրվել օրենսդրական նոր նախագիծ, որը ինքնալուծարվելու որոշում կայացնելու հնարավորություն կտա ավագանուն։