ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի - Sputnik. Հունիսի սկզբին նախկին գլխավոր դատախազ, ներկայում կալանավորված Աղվան Հովսեփյանը վիրահատվել է։ Նա լսողության հետ կապված հին խնդիրներ ուներ, իսկ կալանքը սրացում է առաջացրել, հայտնում է «Հրապարակ» թերթը:
Աղվան Հովսեփյանին վիրահատել են Միքայելյան հիվանդանոցում, այժմ հետվիրահատական շրջանն է, որը կարող է երկարել՝ հաշվի առնելով վիրահատության բարդությունը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Աղվան Հովսեփյանի բացակայության պատճառով հետաձգվել էր հունիսի 10-ի դատական նիստը։
Հիշեցնենք` Աղվան Հովսեփյանը մեղադրվում է այն բանի համար, որ 2004 թվականի մարտի 18-ից մինչև 2013 թվականի սեպտեմբերի 13-ը, զբաղեցնելով ՀՀ գլխավոր դատախազի, իսկ 2014 թվականի հուլիսի 18-ից մինչև 2018 թվականի հունիսի 11-ը՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնները, հակառակ օրենքով նախատեսված արգելքին, 2007-2015թթ. ընթացքում իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող Արշավիր Սարգսյանի հետ հիմնադրել է ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող կազմակերպություններ, որոնք ղեկավարել է անձամբ և իր որդիների միջոցով։ Իսկ ապօրինի ձեռնարկատիրության արդյունքում ստացած խոշոր եկամուտն օրինականացրել է:
Բացի այդ, Աղվան Հովսեփյանը 2010 թվականի հոկտեմբերին, իր պաշտոնի հեղինակությամբ ազդեցություն գործադրելով Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի ղեկավար Հրաչյա Ավագյանի նկատմամբ, նրան դրդել է չարաշահել պաշտոնեական լիազորությունը, որի արդյունքում ստացված խոշոր չափերով գույքը ևս օրինականացրել է:
Մեղադրական եզրակացության մեկ այլ դրվագով Աղվան Հովսեփյանը Վարշամ Ղարիբյանի օգտին հովանավորչության համար նրանից պահանջել և 2011 թվականի փետրվարի 14-ին ստացել է առանձնապես խոշոր չափերով կաշառք, որը ևս օրինականացրել է:
2017 թվականի ապրիլի 10-ին էլ իր հետ մտերիմ Վրեժ Մարկոսյանին համոզել է վատնել նրան վստահված 3 հեկտար մակերեսով, 672 400 000 ՀՀ դրամ արժողությամբ հողամասը։
Նշենք, որ Աղվան Հովսեփյանը կալանավորվել է 2021 թվականի սեպտեմբերին։ Վերաքննիչ քրեական դատարանը հոկտեմբերի 4-ին մերժել է նրա կալանքը վերացնելու միջնորդությունը։ Նոյեմբերի 2-ին Աղվան Հովսեփյանի կալանավորումը երկարացվել է ևս երկու ամսով, ինչից հետո մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան։
Մայիսի 5-ին դատարանը քննության է առել խափանման միջոցի փոփոխության միջնորդությունը, հաջորդ օրն էլ որոշել է կալանքն անփոփոխ թողնել։ Այդ որոշումը վերաքննության կարգով փաստաբանները բողոքարկել են։ Հունիսի 10-ին նշանակված դատական նիստը չի կայացել, քանի որ Աղվան Հովսեփյանը տեղափոխվել էր հիվանդանոց` վիրահատության։