Հավի միսը «լողում» է լոգարանում. Երևանում մսամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Զբոսաշրջիկները տեսանյութ են հրապարակել, ինչի հիման վրա էլ կասեցվել է արտադրամասի արտադրական գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութի հիման վրա կասեցրել է անհատ ձեռնարկատեր Կարեն Ղարիբյանին պատկանող մսամթերքի արտադրամասի գործունեությունը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ)։
Հրապարակված լուսանկարներում և տեսանյութում երևում է, որ նույն տարածքի մի հատվածում պայուսակ, տաբատներ և այլ հագուստ է կախված, իսկ մյուս կողմում հավի միսը դրված է լոգարանում։
«Սկզբում ՍԱՏՄ տեսուչները ստուգման ընթացքում հայտնաբերել են սանիտարահիգիենիկ նորմերի կոպիտ խախտումներ, մասնավորապես՝ տեխնոլոգիական գործընթացը կազմակերպված չի եղել այնպես, որ բացառվի հումքի և կիսապատրաստվածքների հանդիպակաց հոսքը պատրաստի սննդամթերքի հետ, արտադրական, օժանդակ, կենցաղային սենքերը, բոլոր սարքավորումները, գործիքները, պարագաները և բեռնարկղերը, որոնք անմիջական շփման մեջ են գտնվում սննդամթերքի հետ։ Դրանք նաև մաքուր և նորոգված վիճակում չեն եղել, խոնավ մաքրման և ախտահանման հնարավորությունն ու անձնակազմի համար հանդերձարանն էլ բացակայել է»,- ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ մսամթերքի արտադրամասի գործունեությունը կասեցվել է, ժամանակ է տրվել հայտնաբերված խախտումները վերացնելու համար:
«Քարֆուրում» հայտնաբերվել և ոչնչացվել է ժամկետանց սննդամթերք
ՍԱՏՄ տեսուչները ստուգումներն անցկացրել են Երևանի քաղաքապետարանից ստացած ահազանգի հիման վրա, իսկ քաղաքապետարանն այդ արտադրամասում տիրող իրավիճակի մասին տեղեկացել է օտարերկրացի զբոսաշրջիկների հրապարակած տեսանյութից:
Անփութություն կամ դիտավորություն. խանութներում ժամկետանց ապրանքների խնդրի հետքերով