Չէ՞ որ եթե ընդդիմադիրները նախկինում պարզապես հանրահավաքներ էին կազմակերպում և պարբերաբար բողոքում էին իշխանությունների դեմ, ապա այժմ վերջնագիր են ներկայացրել՝ իշխանությունները հենց առաջիկա օրերին պետք է լուծարեն կառավարությունը և կազմավորեն այսպես կոչված «Ազգային համաձայնության կառավարություն»՝ ընդդիմադիրների ընդգրկմամբ։
Իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեի արձագանքն այսպիսին է. «Սովորաբար «Ազգային համաձայնության կառավարություններ» կազմավորվում են պետական հեղաշրջումներից անմիջապես հետո։ Այսինքն, ընդդիմադիրները կամա թե ակամա շատ լավ բացահայտել են իրենց հիմնական նպատակը՝ երկրում իրականացնել պետական հեղաշրջում»։
Կուսակցության առաջնորդը նաև կարծիք է հայտնել՝ ոչ մի «Ազգային համաձայնության կառավարություն» Վրաստանի սահմանադրությունը չի նախատեսում, և ուրեմն ակնհայտ է, որ ընդդիմության պահանջը հակասահմանադրական է»։
Համաձայնե′ք` այս նույն պատկերը մենք վերջին երկու տարում տեսնում ենք նաև Հայաստանում՝ հենց այն պահից, երբ ընդդիմությունը հայտարարում է, որ երբեք բռնություն չի կիրառի, այլ զուտ սահմանադրական ճանապարհով է փորձելու փոխել իշխանությունը, այդ իշխանությունն այլևս անհանգստանալու ոչ մի պատճառ չունի այն պարզ պատճառով, որ Սահմանադրությունը, որով խոստանում են ղեկավարվել ընդդիմադիրները, ինչպես հայտնի է, բացի ընտրություններից, իշխանությունը փոխելու որևէ այլ եղանակ չի նախատեսում։
Լինում են, իհարկե, նախադեպեր, երբ իշխանություններն իրենք են հրաժարական տալիս, ինչպես եղավ Հայաստանում 1998-ին և 2018-ին, բայց դրանք ավելի շուտ հազվադեպ բացառություններ են, որովհետև սովորաբար իշխողները փորձում են համոզել հասարակությանը, որ իրենք ամեն ինչ շատ ճիշտ են անում, և ընդդիմադիրներին երբեք չի հաջողվի հասնել նույն հաջողություններին։
Դժգոհներն, իհարկե, հարցնում են՝ բա որտե՞ղ են ձեր այդ հաջողությունները, ինչո՞ւ մենք դրանք չենք զգում։ Ամենից հաճախ հնչում է այն փաստարկը, որը բարձրաձայնել է Վրաստանի էկոնոմիկայի նախարար Լևան Դավիթաշվիլին։ Մեջբերեմ։
«Որպեսզի մեր քաղաքացիները կարողանան զգալ մեր ապահոված տնտեսական առաջընթացի կոնկրետ արդյունքները, մենք պետք է պահպանենք առաջընթացի այդ բարձր տեմպերը ոչ թե ամիսներ, այլ տարիներ շարունակ»։
Երևի հասկացաք ենթատեքստը։ Մեր հրաժարականը պահանջելու փոխարեն թողե′ք աշխատենք, և մի քանի տարի հետո ինքներդ կտեսնեք, նաև սեփական գրպանի վրա կզգաք, թե ինչ հսկայական գործ ենք արել։
Բայց, ախր, արդեն տապալեցիք Եվրամիության անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալը, փաստում են ընդդիմադիրները։
Իշխանավորները պատասխանում են՝ է, որ Ուկրաինան և Մոլդովան թեկնածու դարձան, ի՞նչ շահեցին։
Լսենք նույն Իրակլի Կոբախիձեին. «Շտապելու կարիք չկա։ Բալկանյան երկրների փորձը ցույց է տալիս, որ Եվրամիություն մտնելու համար պահանջվում է առնվազն 14-15 տարի։ Իսկ մենք Եվրամիության հետ ասոցացման պայմանագրի պահանջների 45 տոկոսը կատարել ենք, առաջիկա տարիներին էլ 100 տոկոսով կկատարենք»։
Որոշ վերլուծաբաններ մինչև հիմա զարմանում են՝ այդ ի՞նչ են արել Ուկրաինան և Մոլդովան, որ Վրաստանը չի արել։ Իսկապես, Եվրամիությունն այժմ Վրաստանին 12 կոնկրետ պահանջներ է ներկայացրել, որոնք նույն հաջողությամբ կարող էր ներկայացնել Ուկրաինային, Մոլդովային կամ, ասենք, Հայաստանին։
Օրինակ` իրականացնել դատարանների լիակատար բարեփոխում։ Ախր հենց մեր հայաստանյան իշխանություններն են խոստովանում, որ մինչև հիմա չենք կարողացել լրիվ անկախ դարձնել դատարանները։ Կամ՝ ապահովել մամուլի ազատությունն ու անկախությունը։ Եթե մեզ մոտ դա ապահովված է, ինչո՞ւ են հայաստանյան լրատվամիջոցները բողոքում և ցուցադրաբար հրաժարվում մասնակցել վարչապետի յուրօրինակ ասուլիսին։
Հաջորդը՝ հաղթահարել «քաղաքական բևեռացումը»։ Ի՞նչ եք կարծում՝ եթե ընդդիմադիր պատգամավորները զրկվեն մանդատներից, դա կնպաստի՞ բևեռացման մեղմացմանը։ Իսկ հայաստանցի իշխանավորները սպառնալից տոնով զգուշացնում են՝ մանդատներից զրկելու հարցում մենք վճռական ենք տրամադրված և նույնիսկ կոնկրետ որոշումներ ենք կայացրել։
Ճիշտ է, ի տարբերություն Վրաստանի, մենք Բրյուսելից որևէ կարգավիճակ ստանալու ակնկալիք չունենք։ Բայց միգուցե լավն էլ հենց դա՞ է. եթե իրոք մտադիր ենք Հայաստանը ապրելու համար շատ ավելի հարմար վայր դարձնել, կանենք դա սեփական նախաձեռնությամբ, առանց որևէ պարտադրանքի։