ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. Այսօր Ազգային ժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Նիստին ներկա են միայն իշխանական պատգամավորները, իսկ օրակարգում ՀՀ գլխավոր դատախազի ընտրության հարցն է։
Նշենք, որ ՔՊ–ն այս պաշտոնում առաջադրել է վարչապետի օգնական Աննա Վարդապետյանի թեկնածությունը։
Աննա Վարդապետյանը 36 տարեկան է։ 2019-ին եղել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ, 2020 թ. մարտին նշանակվել է ՀՀ վարչապետի օգնական։
Գլխավոր դատախազն Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրվում է Ազգային ժողովի կողմից` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով։ Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել գլխավոր դատախազ։
Հիշեցնենք՝ գործող գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է 2022 թ. սեպտեմբերին։