ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել

Լորա Հոչլան
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ԱՄՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի նոր համանախագահ է նշանակել։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան հաստատեցին ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատնից։

«ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ համանախագահն այժմ Կովկասի և տարածաշրջանային հակամարտությունների հարցերով գրասենյակի տնօրեն Լորա Հոքլան է»,- հայտնեցին դեսպանությունից:

Հոքլան փոխարինել է Էնդրյու Շոֆերին, որը պաշտոնը ստանձնել էր 2017 թվականի օգոստոսին:
ԱՄՆ Պետդեպը հունիսի 28-ին տեղեկացրել էր, որ նոր համանախագահը զրուցել է մյուս համանախագահների հետ:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահն այսօր խոսել է իր գործընկերների հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի ապագան: Ցավոք, Ռուսաստանի համանախագահը չի ընդունել հրավերը: Մենք անհամբեր սպասում ենք Մինսկի խմբի աշխատանքների շարունակմանը»,- ասվում էր Պետդեպի հաղորդագրությունում:
Հիշեցնենք` ԵԱՀԿ Մինսկի խումբը ձևավորվել է ղարաբաղյան հակամարտության խնդիրը լուծելու համար։ Խմբի ձևավորման մասին որոշումն ընդունել է ԵԱՀԿ անդամ պետությունների նախարարների խորհուրդը 1992 թվականի մարտի 24-ին։
Մինսկի խմբում ընդգրկված են Բելառուսը, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան, Ֆինլանդիան և Թուրքիան, Հայաստանն ու Ադրբեջանը։ 1997 թ. ստեղծվեց ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունը (Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ)։