ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. ՀՀ խոշոր քաղաքներում մթնոլորտային օդի աղտոտվածության մակարդակը սահմանային թույլատրելիից ավելի է։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազությունը։
Գերատեսչությունն ուսումնասիրել է ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:
Պարզվել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր:
«Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման միտում: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ», - նշված է հաղորդագրությունում:
Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում:
Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով:
Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Երևան քաղաքում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14 վարչական վարույթ:
Չնայած ձեռնարկված միջոցառումներին` օդի աղտոտվածության վիճակը շարունակում է բարձր մնալ:
Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ գլխավոր դատախազությունը հաղորդում է ներկայացրել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին:
Առաջարկվել է հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ: