ԵՐԵՎԱՆ, 29 հունիսի – Sputnik. 44-օրյա պատերազմից հետո Արցախում մինչ օրս անհետ կորած է համարվում 53 անձ, 33-ը՝ զինծառայող, 20-ը՝ քաղաքացիական, տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Այսօր անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրն է։ Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի նախագահ, Արցախի ՆԳ նախարար Կարեն Սարգսյանի նախագահությամբ Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների միությունում տեղի է ունեցել հանձնաժողովի հերթական նիստը:
Արցախի Գերիների, պատանդների և անհայտ կորածների հարցերով զբաղվող հանձնաժողովի հերթական նիստը
Նշվել է, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2022 թվականի առաջին կիսամյակը որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է 1711 աճյուն և մասունքներ:
«Կարեն Սարգսյանը նշել է, որ այս պահին ռուսական և ադրբեջանական կողմերի հետ բանակցություններ են տարվում զոհված զինծառայողների աճյունների ու մասունքների որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ։
Կարեն Սարգսյանը հանդիպում է ունեցել նաև անհետ կորած զինծառայողների հարազատների հետ։
Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր` Արցախյան 2 պատերազմներից հետո 985 գտնվելու վայրն անհայտ մարդ ունենք, որից 208 անձ` 44-օրյա պատերազմից, իսկ 777-ն` արցախյան առաջին պատերազմից։