Ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց

Կենտրոնական հավաքակայանում
2022 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13–ից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողներն աստիճանաբար կազատվեն մարտական հերթափոխերում ընդգրկվելուց։ Այս մասին այսօր Կենտրոնական հավաքակայանում լրագրողների հետ զրույցում հայտնեց ՀՀ ԶՈՒ ԳՇ անձնակազմի կառավարման գլխավոր վարչության պետի տեղակալ, գնդապետ Սահակ Սահակյանը:
«Պաշտպանության նախարարի, ԶՈւ ԳՇ նպատակներից մեկը դա է, որ ժամկետային զինծառայողներին որքան հնարավոր է առաջնագծից հանենք։ Ժամկետային զինծառայողները զբաղվելու են միայն պատրաստությամբ։ Անհրաժեշտության դեպքում` կկիրառվեն ըստ նշանակության»,– ասաց նա։
Հայաստանի բանակային կորպուսներից մեկում, ըստ Սահակյանի, այս փորձն արդեն 90 տոկոսով կիրառվում է։ Հետագայում փորձը նախատեսվում է կիրառել ՀՀ բոլոր զորամիավորումներում։ Ծրագրի իրականացման հնարավորությունը, սակայն, գնդապետի խոսքով, ուղղակիրեն կախված է պայմանագրային զինծառայողների քանակից։
Սահակյանը նաև հայտնեց, որ այս տարվա ամառային զորակոչից սկսված ՀՀ ԶՈւ–ում նոր կարգ է սահմանվել. բոլոր նորակոչիկները ծառայության են անցնելու հրաձգային–ուսումնական գումարտակներում, որտեղ մնալու են շուրջ 5 ամիս` մինչև ուսումնական փուլի ավարտը։ Դրանից հետո կտեղափոխվեն վիճակահանությամբ իրենց մշտական տեղակայման զորամասեր։
«ՊՆ այս հրամանի միակ նպատակն է եղել, որ զինվորները լրիվ պատրաստություն չանցած չընդգրկվեն մարտական հերթապահության մեջ։ Այսինքն` այդ զինվորները մարտական հերթապահության մեջ կարող են ընդգրկվել զորակոչից միայն 5-6 ամիս հետո, երբ պատրաստության ամբողջ ծրագիրն անցած կլինեն»,– ասաց նա։
2022 թվականի ամառային զորակոչը մեկնարկել է հունիսի 13–ից։