Վերին Լարսով բեռնափոխադրումներն առաջիկայում էապես կավելանան. Ալեքսեյ Գորդեև

ՌԴ Պետդումայի փոխխոսնակի խոսքով՝ երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջև երկխոսություն է ընթանում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Վերին Լարսի անցակետի թողունակությունն առաջիկայում էապես կավելանա։ Այսօր Երևանում լրագրողներին հայտնեց Ռուսաստանի պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գիգորյանի և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպումներից հետո։
Գորդեևը հայտնեց, որ քննարկված հարցերի թվում է եղել նաև Վերին Լարսի նոր` լրացուցիչ անցակետի շահագործման հարցը։
«Մեր արձագանքը թե՛ Ազգային ժողովի, թե՛ կառավարության մակարդակով Հայաստանի ներկայացուցիչների խնդրանքին հետևյալն է. որոշում է կայացվել ՌԴ վարչապետի, նախարարությունների և գերատեսչությունների կողմից վերին Լարսում մեկ լրացուցիչ անցակետ տեղադրել, երկու երկրների էկոնոմիկայի նախարարությունների միջև երկխոսություն է ընթանում առաջիկայում այս անցակետով Հայաստանից Ռուսաստան ապրանքների հոսքի հնարավորություններն ընդլայնելու վերաբերյալ»,- ասաց Գորդեևը։
Հիշեցնենք` երեկ` հունիսի 27-ին, վրացական կողմում Վերին Լարս տանող մայրուղու 136-րդ կմ-ում 80-մետրանոց հատված էր փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել էր։ ժամը 23:00-ից ճանապարհը որոշ ժամանակով բացվել էր, բայց ռուսական կողմում նոր փլուզում էր տեղի ունեցել, որի հետևանքով հունիսի 28-ին ժամը 01:30-ից ճանապարհը դարձյալ փակվել էր։
Քիչ առաջ վրացական կողմը նոր հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ ճանապարհը բաց է սահմանափակումներով` միայն մարդատար ավտոմեքենաների համար։