ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ուկրաինայի հատուկ ծառայությունները Օդեսայի մարզում սադրանք են նախապատրաստում ՌԴ զինված ուժերին քիմիական զենքի կիրառման մեջ մեղադրելու համար։ Տեղեկությունը հայտնել է ՌԴ պաշտպանության կառավարման ազգային կենտրոնի պետ, գեներալ-գնդապետ Միխայիլ Միզինցևը:
Նա ՄԱԿ-ի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի և Քիմիական զենքի արգելման կազմակերպության ուշադրությունն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ուկրաինական իշխանությունը պատրաստվում է նշված ու նման այլ սադրանքները առաջիկայում լայնորեն տարածել արևմտյան ԶԼՄ-ների ու տարբեր առցանց-հարթակների միջոցով:
Բացի այդ, ուկրաինացի ազգայնականները պատրաստվում են նաև Կրիվոյ Ռոգից հրթիռային հարվածներ հասցնել Վիսոկոպոլյեի (Խերսոնի մարզ) հիվանդանոցի ուղղությամբ, որպեսզի պատասխան կրակ հրահրեն:
«Ըստ հավաստի տեղեկությունների` Կիևի ռեժիմը մտադիր է հերթական անմարդկային սադրանքն իրականացնել։ Առաջիկայում ուկրաինական ազգայնական գումարտակների գրոհայինները պատրաստվում են Կրիվոյ Ռոգի բնակելի թաղամասերից հրթիռային հարվածներ հասցնել Ռուսաստանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Վիսոկոպոլյեի շրջանային հիվանդանոցին», - ասել է նա։
Գեներալի խոսքով` այդ սադրանքի իրագործման ժամանակ Կիևի իշխանության ցուցումով անօդաչու թռչող սարքեր են գործարկվելու, որպեսզի կեղծ տեսանյութեր պատրաստվեն այն մասին, թե իբր ռուսները սպանում են քաղաքի խաղաղ բնակիչներին, իսկ հետո արևմտյան լրատվական գործակալությունները տարածելու են այդ տեսանյութերը։
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 125-րդ օրը։