ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Շվեդիան ու Ֆինլանդիան կհամագործակցեն Անկարայի հետ ահաբեկչության դեմ պայքարում, նրանք պարտավորվում են չաջակցել Թուրքիայում արգելված Քրդստանի աշխատավորական կուսակցությանն (ՔԱԿ) ու իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանը (FETO)։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Թուրքիայի նախագահի գրասենյակին:
«Պարտավորվել են Թուրքիայի հետ համագործակցել ՔԱԿ–ի ու դրա մասնաճյուղերի, ինչպես նաև ահաբեկչության դեմ պայքարում` դրա բոլոր ձևերով ու դրսևորումներով, և չաջակցել YPG-ին ու FETO-ին», - հայտնել են գրասենյակից:
Բացի այդ, Շվեդիան ու Ֆինլանդիան շտկումներ պետք է անեն իրենց օրենսդրության մեջ ահաբեկչության դեմ պայքարի և պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
Մադրիդյան բանակցությունների արդյունքում այդ երկրները հրաժարվելու են թուրքական պաշտպանական ծրագրի նկատմամբ էմբարգոյի քաղաքականությունից։
Թուրքիան, Շվեդիան, Ֆինլանդիան ու ՆԱՏՕ-ն այսօր բանակցություններ են անցկացրել Մադրիդում։ Թուրքիան համաձայնել է, որ Ֆինլանդիան ու Շվեդիան ՆԱՏՕ-ի անդամ դառնան։
Հիշեցնենք` Ուկրաինայի իրադարձությունների ֆոնին Ֆինլանդիան ու Շվեդիան մայիսի 18-ին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտեր էին ներկայացրել դաշինքի գլխավոր քարտուղարին։
Թուրքիան արգելափակել էր այդ հայտերի քննարկման գործընթացը։ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի հավատում նրանց հավաստիացումներին, թե կապ չունեն Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ (Թուրքիայում արգելված կազմակերպություն):