Շրջադարձային գործարք. ստորագրվել է ԿԲ-ի և Վարշավայի ֆոնդային բորսայի միջև պայմանագիրը

Ստորագրվել է ԿԲ-ի և Վարշավայի ֆոնդային բորսայի միջև պայմանագիրը
Մարտին Գալստյանը նշել է, որ գործարքը կարևոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առումով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և Վարշավայի ֆոնդային բորսայի (ՎՖԲ) կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը ստորագրել են Հայաստանի ֆոնդային բորսայի (ՀՖԲ) բաժնետոմսերի հսկիչ փաթեթի վաճառքի վերաբերյալ պայմանագիրը, տեղեկությունը հայտնում է ԿԲ-ն:
«Մեր նպատակն է համատեղ ջանքերով զարգացնել Հայաստանի կապիտալի շուկան և մեր բիզնեսը տարածաշրջանում: Մենք նաև ակնկալում ենք զարգացնել կապիտալի շուկայի ենթակառուցվածքները, ինչը բիզնեսին հնարավորություն կընձեռի ներգրավել կայուն և մատչելի կապիտալ, իսկ հասարակությանը՝ ավելի մասնագիտացված կերպով կառավարել խնայողությունները և ներդրումները»,–ասել է Վարշավայի ֆոնդային բորսայի կառավարող խորհրդի նախագահ Մարեկ Դիետլը:
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն էլ իր հերթին նշել է, որ սա կարևոր փուլ է Հայաստանի կապիտալի շուկայի զարգացման առումով։ Նրա խոսքով` այս գործարքը շրջադարձային կարող է լինել Հայաստանի կապիտալի շուկայի պատմության մեջ:
Ստորագրվել է ԿԲ-ի և Վարշավայի ֆոնդային բորսայի միջև պայմանագիրը
Հիշեցնենք, որ ՎՖԲ կողմից ՀՖԲ ձեռքբերման մտադրության մասին հայտարարվել էր դեռևս 2020 թ-ի սեպտեմբերի 18-ին։ Դրանից հետո իրականացվել են անհրաժեշտ ուսումնասիրությունները, մշակվել է առաջիկա 5 տարվա զարգացման ծրագիր, և իրականացվել են անհրաժեշտ կորպորատիվ հաստատումները։ Իսկ ընթացիկ տարվա մայիսի 24-ի նիստում ՀՀ ԿԲ խորհուրդը համաձայնություն է տվել գործարքի իրականացմանը։
Ըստ այդմ՝ ՎՖԲ-ն ձեռք է բերում ՀՖԲ բաժնետոմսերի 65.03 տոկոսը (967 հատ բաժնետոմս), ՀՀ ԿԲ-ն կպահպանի 25.02 տոկոս մասնակցություն, իսկ մնացած 9.95 տոկոսը ՀՖԲ սեփական բաժնետոմսերն են։ Գործարքի արժեքը շուրջ 873 մլն դրամ է, որի մի մասը՝ մոտ 499 մլն դրամ, կվճարվի բաժնետոմսերի գնման համաձայնության ստորագրումից հետո, իսկ մնացած մասը՝ բաժնետոմսերի գնման համաձայնությամբ նախատեսված գործընթացների ավարտից հետո։