Ռուսաստանը մտադիր է Հայաստանում տեխնոպարկ հիմնել. ՌԴ պետդումայի փոխնախագահ

Ալեքսեյ Գորդեևը համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ՌԴ ապրանքաշրջանառությունն առաջիկայում կհասնի 3 մլրդ ԱՄՆ դոլարի։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Ռուսաստանի պետդումայի փոխնախագահ Ալեքսեյ Գորդեևի և ՀՀ փոխվարչապետ Մհեր Գիգորյանի հանդիպմանը Երևանում քննարկվել են հիմնականում առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր։ Այս մասին հանդիպման ավարտին լրագրողներին հայտնեց Ալեքսեյ Գորդեևը։

«Հայաստանի ու Ռուսաստանի միջև շուրջ 200 համաձայնագիր է գործում` տարբեր ոլորտներին վերաբերող։ Այսօր մենք խոսում էինք այն մասին, թե ինչպես բացել այդ պոտենցիալը։ Տեսնում ենք, որ ընթացիկ տարում ապրանքաշրջանառության աճ կա։ Համոզված ենք, որ մոտ ապագայում այդ ցուցանիշը կհասնի 3 մլրդ ԱՄՆ դոլարի։ Միաժամանակ հնարավորություն կա ներդրումներն ավելացնելու համատեղ ձեռնարկությունների ստեղծման ուղղությամբ` ինչպես արտադրական, այնպես էլ գյուղատնտեսական ոլորտներում»,- ասաց Գորդեևը։

Նրա տեղեկություններով` ՌԴ ներդրումները հայաստանյան տնտեսության մեջ շուրջ 40 տոկոս են կազմում։
«Այսինքն` մեր բիզնեսն այստեղ արդեն լրջորեն ներկա է։ Բայց ցանկալի կլիներ փոխել այդ ներդրումների որակը, նախ և առաջ դուրս գալ որոշ ապրանքների համատեղ արտադրության նոր մակարդակ ոչ միայն որպեսզի դրանք վաճառենք ՌԴ-ում ու ՀՀ-ում, այլև որպեսզի արտահանենք երրորդ երկրներ»,- ասաց Գորդեևը։
Ալեքսեյ Գորդեևը հայտնեց ռուսական կողմի մտադրությունը (որպես կոնկրետ ներդրումային ծրագիր) Հայաստանում տեխնոպարկ հիմնելու մասին, որը ևս այսօր քննարկվել է ՀՀ կառավարության հետ։
Հաջողության բանալին 1-ին դեմքերի արդյունավետ երկխոսությունն է. Սիմոնյանը՝ Գորդեևին
Պետդումայի փոխնախագահը տեղեկացրեց, որ հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ու Ռուսաստանի ներքին շուկաներում սերտիֆիկացման նույնականացման հարցը, որպեսզի, իր բնորոշմամբ, սերտիֆիկաված ապրանքներն ընկալվեն որպես «հայրենական արտադրության ապրանքներ»։