ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսի կենտրոնական թեմաներից մեկը դարձավ Ադրբեջանի հետ բանակցային գործընթացը և ղարաբաղյան հակամարտության կարգավորումը։ ԶԼՄ-ների հարցերին կառավարության ղեկավարի պատասխաններում բավականին մտահոգիչ շեշտադրումներ կային։
Չնայած իր հռչակած «խաղաղության օրակարգին» ընդհանուր նվիրվածությանը, տպավորություն է ստեղծվում, որ վարչապետն ինքն էլ աստիճանաբար դադարում է հավատալ այդ խաղաղության շուտափույթ գալստյանը։
Այսպես, մեկնաբանելով Հայաստանի հասցեին Ադրբեջանի բազմաթիվ մեղադրանքները, որոնք վերաբերում են Երևանի՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու ցանկության կամ պատրաստակամության իբր բացակայությանը, Փաշինյանը հայտարարեց, որ ադրբեջանական կողմն իր մեղադրանքներով փորձում է լեգիտիմացնել նոր պատերազմը։ Վարչապետի խոսքով՝ Բաքուն դիտմամբ է ձգձգում տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցությունների բացումը։
Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Փաշինյանի արտահայտությունները վտանգավոր են առաջին հերթին ոչ թե նոր պատերազմի մոտ լինելու, այլ Ադրբեջանին նոր զիջումներ անելու իշխանության մտադրությունների տեսանկյունից։
«Ես հակված եմ կարծելու, որ Նիկոլ Փաշինյանը տեղեկատվական հող է նախապատրաստում Ադրբեջանին ապագա զիջումների համար, և պատերազմի սպառնալիքի մասին խոսակցությունները նպատակ ունեն արդարացնել այդ զիջումները։ Տրամաբանությունն այն է, որ եթե Հայաստանը չգնա այս կամ այն քաղաքական կամ տարածքային զիջումներին, ապա պատերազմ կլինի։ Սա է վարչապետի հայտարարությունների էությունը»,-ասաց փորձագետը Sputnik Արմենիային տված հարցազրույցում։
Հակոբյանի համար Ադրբեջանի և նրան սատարող Թուրքիայի դիրքորոշման մեջ, որոնք Հայաստանից պահանջում են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքը» բացել, զարմանալի ոչինչ չկա։ Ցանկացած բանակցություններից առաջ դրանց մասնակիցները փորձում են ավելի շատ դիվանագիտական ռեսուրսներ ստանալ՝ բարելավելով իրենց մեկնարկային դիրքերը և բարձր նշաձողեր դնելով։ Այնուհետև, բանակցությունների ընթացքում, հակառակորդին վախեցնելու, ռազմական շանտաժի, ճնշման ճանապարհով կողմերից մեկը ստիպում է ընդունել իր պայմանները: Հակոբյանի կարծիքով՝ Ադրբեջանը, ինչպես և նրան սատարող Թուրքիան, մաքսիմալիստական պայմաններ են դնում՝ պահպանելով «միջանցքային» տրամաբանությունը։
Ավելի վաղ վարչապետը նշել էր, որ հաղորդակցության բացման բանակցությունների համատեքստում կռվախնձորը իրավական ռեժիմն է, որի շրջանակում պետք է գործեն բացվող ճանապարհները, մասնավորապես՝ Սյունիքով Ադրբեջանից դեպի Նախիջևանի ինքնավարություն տանող ճանապարհը: Կողմերին չի հաջողվում համաձայնության գալ հենց իրավական ռեժիմի հարցում։
«Հայաստանը հայտարարում է, որ ոչ մի միջանցք չի լինի այն իմաստով, որով այդ մասին խոսում են Անկարայում կամ Բաքվում։ Բայց զուգահեռաբար Փաշինյանը հասարակությանն անընդհատ վախեցնում է պատերազմով։ Սա ցույց է տալիս միայն մեկ բան՝ Փաշինյանն ու նրա բանակցողները չեն բացառում, որ որոշակի պահի «միջանցքային» տրամաբանությունը կարող է գերակշռել, քանի որ դրա այլընտրանքը պատերազմն է»,– ասում է մեր զրուցակիցը։
Մինչդեռ քաղտեխնոլոգն ավելի շատ հակված է հիմնվել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի վերջերս արած հայտարարության վրա, որ նոր պատերազմի վտանգ այս պահին չկա։
Անկասկած, գլոբալ առումով նոր պատերազմի սպառնալիքը գոյություն ունի միշտ, քանի դեռ հակամարտությունը կարգավորված չէ։ Բայց դա չի նշանակում, որ կարելի է անընդհատ օգտագործել պատերազմի վտանգը և դրանով իսկ հասարակությանը ստիպել հարմարվել հետագա զիջումների գաղափարին, համոզված է նա։
Փորձագետի կարծիքով՝ պատերազմները երբեք չեն սկսվում միայն հակամարտող կողմերի ցանկությամբ, դրա համար բազմաթիվ միջազգային, աշխարհաքաղաքական, տնտեսական գործոններ են հարկավոր, որոնք միշտ չէ, որ կողմերից են կախված։
Հակոբյանն անհրաժեշտ է համարում տարածաշրջանային իրավիճակի վերլուծությանը մոտենալ ավելի լայն տեսանկյունից՝ գլոբալ փոփոխությունների համատեքստում: Հարավային Կովկասում նոր պատերազմի համար պայմանական կոնսենսուս է հարկավոր ուժային տարբեր կենտրոնների միջև։ Հայտնի պատճառներով այդպիսի կոնսենսուս այս պահին չկա։
«Իհարկե, ցանկացած պահի կարող են տեղային, կարճաժամկետ բախումներ տեղի ունենալ, որոնք մենք կբնութագրենք որպես պատերազմ։ Ինչպես տեղի ունեցավ, օրինակ, անցյալ տարվա նոյեմբերին Սյունիքում։ Բայց ես չեմ կարծում, որ հիմա նոր լայնամասշտաբ պատերազմի նախադրյալներ կան։ Ես չեմ տեսնում, որ Հայաստանի ղեկավարությունն իր ռազմավարության, բանակցային մարտավարության կամ քաղաքական խնդիրների առումով լրջորեն դիմադրի Ադրբեջանին, տվյալ դեպքում հենց դիմադրությունը կարող էր նոր սրացում հրահրել»,-ասում է Հակոբյանը։
Փորձագետը այդ դիմադրության բացակայության վառ օրինակ է համարում Հայաստանի համաձայնությունը՝ բանակցություններ վարել այն կետերի շուրջ, որոնք նախկինում առաջարկել էր Ադրբեջանը: Իհարկե, ինչ-որ առանձին մանրամասների հետ Երևանը չի համաձայնվում և հակընդդեմ առաջարկներ է ներկայացնում։ Բայց ռազմավարական առումով Հայաստանի այսօրվա իշխանությունը ոչ մի լուրջ խնդիր չի ստեղծում Ադրբեջանի համար։
Քաղտեխնոլոգի կարծիքով, եթե այսօր բանակցային գործընթացում ինչ-որ դանդաղեցում է նկատվում, ապա դա պայմանավորված է ոչ այնքան Հայաստանի ղեկավարության հակազդեցությամբ, որքան որոշակի գլոբալ կամ տարածաշրջանային խաղացողների ցանկությամբ ու դիրքորոշմամբ: Փորձագետն ուշադրություն է հրավիրում այն առճակատմանը, որն այժմ ծավալվել է այդ խաղացողների միջև, և եթե նախկինում նրանք համագործակցում էին այս տարածաշրջանում, ապա հիմա նրանց փոխգործակցությունն անցել է դիմակայության ռեժիմի։ Դա հետք է թողնում նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի վրա։