ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. «Վերին Լարս» անցակետով ՌԴ-ից Վրաստան տանող ճանապարհը փակ է բոլոր տրանսպորտային միջոցների համար։ Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսեթիա-Ալանիայի գծով ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը։
«Հաշվի առնելով ավտոտրանսպորտային միջոցների անվտանգ անցումն ապահովելու անկարողությունը, ինչպես նաև «Կովկաս» Դաշնային ճանապարհային գործակալության մասնաճյուղի խորհուրդները` Վլադիկավկազ քաղաք-Լարս բնակավայր հատվածում երկկողմանի արգելված է բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Երթևեկությունը դադարեցվել է հունիսի 28-ին ժամը 01:30-ից, կվերականգնվի միայն հատուկ կարգադրություն ստանալուց հետո։
ՌԴ ԱԻՆ գլխավոր վարչությունը խորհուրդ է տալիս երթևեկության մասնակիցներին տեղաշարժը ծրագրել զարգացող իրավիճակին համապատասխան և զերծ մնալ այդ ուղղությամբ ճամփորդելուց։
Միևնույն ժամանակ, ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից Sputnik Արմենիային հայտնեցին, որ երթևեկությունն արգելվել է ճանապարհի փլուզման պատճառով։
«Մասնագետները պետք է ստուգեն ճանապարհի վիճակը»,- նշեցին մամուլի ծառայությունից։
ՌԴ-ում հույս ունեն, որ խնդիրը սեղմ ժամկետներում կլուծվի։
Վրաստանի ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտից Sputnik Արմենիային ավելի վաղ հայտնել էին, որ վրացական կողմից խնդիրը վերացվել է, և հունիսի 27-ի ժամը 23:00-ից տրանսպորտային բոլոր միջոցների համար երթևեկությունը վերականգնվել էր։
«Վերին Լարս» տանող մայրուղու 136-րդ կմ-ում 80-մետրանոց հատված է փլուզվել Թերեք գետի վարարման պատճառով, ինչից հետո բոլոր տրանսպորտային միջոցների երթևեկությունն արգելվել է։
Ներկայում Վրաստանում ՌԴ անցնելու իրենց հերթին է սպասում մոտ 300 հայկական բեռնատար, հակառակ ուղղությամբ` շուրջ 500-ը։