Նավից՝ պարահանդես. ինչպես Եղիշե Ալեքսանյանը զորացրվելուց հետո դարձավ Եվրոպայի փոխչեմպիոն

Sputnik
Բանակում երկու տարի ծառայելուց ու զորացրվելուց հինգ ամիս անց դառնալ Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր ոչ բոլորին է հաջողվում։ Ավելի ճիշտ, նման արդյունքը ինչ-որ տեղ բացառություն է։ Բայց 20-ամյա գյումրեցին իր մեծ ցանկությունը մարզիչների ու իր բնավորության շնորհիվ իրականություն դարձրեց։
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կարատեի Հայաստանի ազգային ֆեդերացիայի հավաքականի մարզիչ Սերյոժա Մակարյանը Sputnik Արմենիայի մամուլի սրահում կայացած ասուլիսի ժամանակ շեշտում է՝ Եղիշե Ալեքսանյանի արծաթե մեդալը Եվրոպայի երիտասարդական առաջնությունում մեծ ձեռքբերում է։
Սերյոժա Մակարյան
Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացված Կարատեի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի հավաքականը ներկայացնող 11 կարատեիստներից միայն Եղիշե Ալեքսանյանին հաջողվեց մեդալ վաստակել։ Մարզիչը շեշտում է՝ Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը նվաճելը առաջինն էր Հայաստանի համար այս մարզաձևում։
«Այս արդյունքին հասնելը շատ դժվար էր։ Ընդհանրապես, մեր մարզաձևում շատ դժվար է մեդալ վաստակելը։ Բայց մեր աշխատանքը, Եղիշե Ալեքսանյանի, նրա հայրիկի ու միաժամանակ անձնական մարզիչ Հարություն Ալեքսանյանի ջանքերը պսակվեցին հաջողությամբ։ Ասեմ, որ Եվրոպայի առաջնության պատվո պատվանդանին կանգնելու գործում մեծ ներդրում ունեցանք ոչ միայն մենք, այլ նաև Կարատեի ազգային ֆեդերացիայի նախագահն ու ամբողջ աշխատակազմը»,- նշեց հավաքականի մարզիչ Սերյոժա Մակարյանը։
Մինչև 84 կգ քաշային կարգում Եղիշե Ալեքսանյանը հաղթելով բոլոր մրցակիցներին հասավ եզրափակիչ, որտեղ հավասար մենամարտում պարտվեց։ Բայց, ինչպես ասում է հայ մարզիկը, սա իր կարիերայի սկիզբն է։
«Ես դժվարին ճանապարհ եմ անցել մինչև այս նվաճումը։ Բանակում մարզվել եմ միշտ, չնայած պայմաններ չեն եղել։ Բայց ունեի նպատակ, ու շնորհակալ եմ իմ մարզիչներին, որ օգնեցին հասնել այդ նպատակին։ Շատ ուրախ եմ արծաթե մեդալի համար, բայց սա իմ կարիերայի սկիզբն է, իսկ ես հուսով եմ, որ նոր մեդալներ ու հաջողություններ կբերեմ իմ երկրին ու ազգին»,- ասաց Եղիշե Ալեքսանյանը։
Հայ կարատեիստի անձնական մարզիչ Հարություն Ալեքսանյանը, իհարկե, ուրախ է որդու հաջողություններով.
Հարություն Ալեքսանյան
«Եղիշեին մարզելու ժամանակ նա, կարելի է ասել, իմ կողմից կրկնակի ճնշման ու պատասխանատվության տակ է ընկնում։ Ուրախ եմ, որ տղաս ամեն ինչ ընդունում ու մարզվում է, ինչպես հարկն է։ Ներկա դրությամբ կարատեի մասին շատ են խոսում, ու երբեմն էլ տարբեր կարգի մրցումներից վերադառնալով՝ խոսում աշխարհի չեմպիոն և գավաթակիր դառնալու մասին։ Շատ դեպքերում դա իրականությանը չի համապատասխանում։ Իրականում կարատեի աշխարհի կամ Եվրոպայի առաջնությունում մեդալ վաստակել շատ-շատ դժվար է»,- հավելեց Հարություն Ալեքսանյանը։
Սերյոժա Մակարյանը խոսելով ապագայի մասին, նշեց, որ հավաքականում կան երիտասարդ ու տաղանդավոր շատ կարատեիստներ, որոնք մոտ ապագայում կասեն իրենց խոսքը տատամիի վրա։ Մարզիչը իր գոհունակությունը հայտնեց ֆեդերացիայի նախագահի մոտեցումից.
Պատանիների Եվրոպայի առաջնությունում ձյուդոյիստ Գոռ Կարապետյանը արծաթե մեդալ է նվաճել
«Մեր մարզիկները իրենց արդյունքներով շատ շուտով կհաստատեն այն աշխատանքի արդյունավետությունը, որ կատարվում է այսօր։ Մենք մտածում ենք արդեն մեծահասակաների աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում հաջողությունների մասին»,- ընդծեց Մակարյանը։
Տոկիոյի օլիմպիական խաղերում կարատեն հանվել էր մրցումային ծրագրից։ Բայց 2026 թվականի երիտասարդների օլիմպիական խաղերում կարատեն կրկին ներառվել է, և հայ մարզիկների առաջիկա ծրագրերը կապված են այդ մրցումների հետ։