ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Պետական դումայի նախագահի տեղակալ Ալեքսեյ Գորդեևի գլխավորած պատվիրակությանը: Տեղեկությունը հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը։
«Քննարկվել են հայ-ռուսական երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է համագործակցությունը գյուղատնտեսության և արդյունաբերության ոլորտներում, ինչպես նաև տվյալ ոլորտներում մասնագետների փորձի փոխանակումն ու գիտական ներուժի լիարժեք իրացումը հնարավոր համատեղ կոոպերացիոն նախագծերի շրջանակներում»,– ասված է հաղորդագրությունում:
Ըստ կառավարության` անդրադարձ է կատարվել նաև գինեգործության ոլորտում համագործակցության և ԵԱՏՄ տարածքում օրգանական գյուղատնտեսական արտադրության խրախուսման հարցերին:
Պատվիրակության կազմում եղել են ՌԴ գյուղատնտեսության փոխնախարար Մաքսիմ Ուվայդովը, ՌԴ արդյունաբերության և առևտրի փոխնախարար Ալեքսեյ Բեզպրոզվաննիխը և «Ռուսաստանի որակի համակարգ»-ի ղեկավար Մաքսիմ Պրոտասովը։ Հանդիպմանը ներկա են եղել նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Արտակ Քամալյանը և Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը: