Միջազգային վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում կորոնավիրուսի թվերի աճ լինելու է ու ավելի շատ, քան՝ եվրոպական և այլ երկրներում։ Նման կարծիք Sputnik Արմենիայի եթերում հայտնեց վարակաբան Արմեն Օհանյանը։
Վերջին երկու շաբաթվա ընթացքում Հայաստանում պաշտոնական տվյալներով կորոնավիրուսի վարակման դեպքերն ավելացել են։ Եթե նախորդ շաբաթ գրանցվել էր 60 նոր դեպք, ապա այս շաբաթ դրանք կրկնակիից ավել են՝ 139 դեպք։ Ավելին՝ այս շաբաթ նաև 1 մահ է գրանցվել, թեպետ վերջին շրջանում պաշտոնական վիճակագրությունում մահեր չկային։
«Կորոնավիրուսային գործընթացն ինչ-որ տեղ կանգ չի առել կամ չի վերջացել, այն շարունակական ալիքաձև գործընթաց է։ Հայաստանում էլ թվերի աճը կանխատեսվում է ու այն այստեղ ավելի շատ կլինի՝ հաշվի առնելով մեզ մոտ պատվաստումների շատ ցածր ընդգրկվածությունը»,- ասաց Օհանյանը՝ նշելով, որ դժվար է ասել՝ թվերի աճը վիրուսի նոր ալիք համարել կարելի՞ է, թե՞ ոչ։
Թեև կարող է տպավորություն լինել, որ թվերի աճին նպաստում են տարբեր երկրների միջև բաց հաղորդակցությունն ու այն, որ կորոնավիրուսային սահմանափակումները հիմնականում հանվել են, սակայն, վարակաբանի դիտարկմամբ, դրանք իրականում թվերի աճի տեսանկյունից շատ մեծ դեր չեն խաղում, աճը պարզապես վիրուսի առանձնահատկությունից է կախված։
«Հիվանդության ընթացքն է այդպիսին, այն անընդհատ փոփոխվում է, և ինչքան մենք հակազդում ենք, այնքան այն փորձում է «այլ ճանապարհներ գտնել»: Հիմնականում դեպքերը շատանում են վիրուսի փոփոխությունների պատճառով, իսկ թե երբ այն կվերածվի սեզոնային վիրուսի, ոչ ոք չի կարող ասել»,- նշեց վարակաբանը։
Անդրադառնալով այս շաբաթ գրանցված մեկ մահվան դեպքին, Օհանյանը չշտապեց դրանից եզրակացնել, թե մահերն ավելանալու են, քանի որ անհայտ են այդ մահվան դեպքի մանրամասները, որը կարող է պայմանավորված լինել նաև մահացող անձի մոտ այլ առողջական խնդիրներով, իսկ քովիդը կարող է երկրորդային պատճառ լինել։
Այնուամենայնիվ, սա չի նշանակում, որ մահվան դեպքերի աճը բացառվում է։ Օհանյանի դիտարկմամբ՝ երբ առաջիկայում մի քանի մահ նորից գրանցվի, կարելի է պնդել, որ հիվանդության տարածվածությունն աճում է։ Չի բացառվում նաև, որ հիվանդության ծանր ընթացք ունեցող դեպքերն ավելանան։
«Հիվանդության ծանր ընթացքը երբեք չի բացառվել, հիմա էլ չի բացառվում, այն միշտ կարող է լինել։ Պարզապես տոկոսային հարաբերակցությամբ վիրուսի վերջին տեսակների դեպքում ավելի քիչ է գրանցվել մահերն ու ծանր դեպքերը»,- շեշտեց Օհանյանը։
Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 13-ի դրությամբ ընդհանուր առմամբ արվել է 2 207 307 պատվաստում։ Առաջին դեղաչափով պատվաստվածների թիվը 1 136 403 է, իսկ ամբողջապես պատվաստվածների թիվը հատել է 1 միլիոնի սահմանը, այն 1 009 922 է։