ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած` Արցախը Հայաստանին կապող Լաչինի միջանցք կոչվող հատվածում երթուղու փոփոխությունը ճանապարհի հնարավորությունների մեծացմանը և օգտագործմանն է վերաբերում՝ Ռուսաստանի ռազմավարական գործընկերության ակտիվ մասնակցությամբ: ԱԺ–ում լրագրողների հետ ճեպազրույցում այս տեսակետը հայտնեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։
«Աղավնո գյուղի բնակիչների հարցը պետք է լուծվի Արցախի իշխանությունների կողմից, իհարկե, ՀՀ–ի ակտիվ մասնակցությամբ։ Կյանքը միշտ իր շտկումները կդնի մեր առջև, և մենք պարտավոր ենք անցնել այդ ճանապարհը»,– ասաց Քոչարյանը։
Լրագրողների հարցին` եթե Աղավնոն չհանձնենք, հնարավո՞ր է` պատերազմ սկսվի, Քոչարյանը պատասխանեց, թե ամեն ինչ պետք է անեն, որ պատերազմ չսկսվի։ Նրա խոսքով` պետք է խոսել այն մասին, թե ինչ է պետք անել, որ խաղաղություն լինի, ոչ թե պատերազմ չսկսվի։
«Մենք Աղավնոն չենք հանձնում։ Նման հարցեր տվեք դարակազմիկ նախկին ղեկավարներին»,–հավելեց Քոչարյանը։
Հիշեցնենք` Փաշինյանը նշել էր, որ երթուղու փոփոխությունից հետո Բերձորի բնակիչների խնդիրները ՀՀ կառավարության որոշումներով կլուծվի. բնակիչները բնակարաններով կապահովվեն։ Լաչինում, ըստ էության, այսօր ընտանիքներ չեն ապրում, Աղավնո գյուղի բնակիչների խնդիրներն էլ Արցախի կառավարության միջոցներով կլուծվեն։ Սուսի վերաբերյալ Փաշինյանը տեղեկություններ չուներ։