Խորհրդային Ռուսաստանում անլեգալ հետախուզություն ստեղծելու գաղափարն ի հայտ եկավ 1917 թվականի իրադարձություններից հետո, սակայն կառույցի գործունեության հաշվարկն իրականացվում է 1922 թվականից։ Գաղտնի այդ ծառայության պրոֆեսիոնալների թվում նաև հայեր կային։ Նրանց մասին է իր հոդվածում պատմում Sputnik Արմենիայի սյունակագիրը։
Դժվար է պատկերացնել, բայց հազար անգամ ավելի դժվար է անել հայրենիքի համար այնպիսի բան, որ տասնամյակներ անց էլ դրա մասին անթույլատրելի լինի և՛ պատմելը, և՛ հիշելը, և՛ նույնիսկ ակնարկելը։
«Երկրի ազգային շահերի և անվտանգության ապահովման համար անհրաժեշտ տեղեկատվության ձեռքբերման գործում նրանց ունեցած ներդրումն այնքան նշանակալի է, որ երբևէ չի գաղտնազերծվի» (ՌԴ ԱՀԾ-ի պաշտոնական մեկնաբանությունից)։
Երկիրը` Խորհրդային Միություն։ Հետախույզները` Գևորգ և Գոհար Վարդանյաններ։ «Երբևէ»` նշանակում է ոչ մի անգամ, ոչ մի դեպքում, ոչ մի հանգամանքում։
Այն ամենից, ինչ արել են Վարդանյանները, լայն հանրությանը հայտնի է հավանաբար միայն Թեհրանում 1943 թվականին կոնֆերանսի ժամանակ միության տերությունների առաջնորդների անվտանգության ապահովման օպերացիան։ Այդ օպերացիայի (բայց ոչ միայն դրա) համար Գևորգ Վարդանյանին Խորհրդային Միության հերոսի աստղ շնորհեցին։
Արտաքին հետախուզության ծառայության կազմավորման հարյուրամյակի նախօրեին Գևորգ Վարդանյանի անվան ԱՀԾ-ին հարող Մոսկվայի դպրոցի տարածքում տեղադրեցին նրա արձանը։
Դրանից առաջ հուշատախտակ էին տեղադրել Երևանում Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի պատին։ Վարդանյանը ժամանակին այստեղ է ուսանել, եղել է այս համալսարանի ուսանողը, իսկ բուհը, որտեղ նա սովորել է, կոչվում էր Ժդանովի անվան ռուսաց և օտար լեուզների մանկավարժական համալսարան։ Չեմ պնդի, թե մայրենիի նման օտար լեզուների տիրապետել նա սովորել է համալսարանում, այնուամենայնիվ, արդյունքը գերազանցել է սպասումները։
80-ականներ։ Երևանի գողտրիկ փողոց, սրճարան։ Սեղանի շուրջ 4 մեծահասակ տղամարդիկ են նստած, զրուցում են։ Մյուս սեղանի շուրջ երիտասարդներ են։ Ականջ են դնում։ Մեծահասակները մեկ մի լեզվով են խոսում, մեկ՝ մյուս, հետո անցնում այլ լեզուների` անգլերեն, ֆրանսերեն, իսպաներեն։
– Գուցե հայերեն էլ գիտեն,- բարձրաձայն ենթադրում է երիտասարդներից մեկը։
– Իհարկե, այն էլ ինչպես,- մաքուր հայերենով պատասխանում է Վարդանյանը։
... Էլ ի՞նչ կարող էր ասել Վարդանյանը մեծահասակների քառյակի լեզվական ունակություններից ապշած երիտասարդներին։ Հավանաբար միայն պատմեր սիրո և ընտանեկան հավատարմության մասին, թեպետ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով` Վարդանյանները երեք անգամ են հարսանիք արել` տարբեր երկրներում և տարբեր անուններով։ Իսկ էլ ի՞նչ կարող են պատմել իրենց մասին անլեգալ հետախույզները։
Գևորգ Անդրեյի Վարդանյանը (կեղծանունը` «Ամիր», «Անրի») մահացել է 2012 թվականին։ Գոհար Լևոնի Վարդանյանը (կեղծանունը` «Անիտա»)` 2019-ին։ Թեև կեղծանունները շիրմաքարերին չեն գրում` գրում են իրական անունները։ Կհիշենք դրանք։
... Աշխարհի հետախույզների դասագրքերում տեղ գտած Թեհրանի օպերացիայում հիշատակվում է նաև Իվան Աղայանցի անունը։ Արտաքին հետախուզության մարմինները համալրել է 1936 թվականին, օպերատիվ աշխատանքի է ուղարկվել Փարիզ, մասնակցել է Իսպանիայի կոմկուսի առաջնորդներ Դոլորես Իբարուրիին և Խոսե Դիասին Մոսկվա բերելու գործողություններին։
1941 թվականի ամռանը Աղայանցին Իրան են ուղարկում, երեք տարի անց նա արդեն համակարգում է այդ երկրի ԱՀԾ-ի աշխատանքը, ինչպես նաև Գևորգ և Գոհար Վարդանյանների խմբի գործողությունները։
...Հետախույզ Աղայանցի մասին հաճախ այսպես են գրում. «Ծնվել է Ռուսաստանի և Իրանի միջև գտնվող Նախիջևանի շրջանում` հայկական ընտանիքում»։ Այնուհետև նշում ազգանուն, անուն, հայրանունը. Դավիդով Յակով Քրիստոֆորովիչ։ Փակագծերում էլ ճշտում` «Դավթյան», ինչից հետևում է, որ հայկական ընտանիքներում, ամեն դեպքում, հայ երեխաներ են ծնվում։
Այնուհետև երեխաները մեծանում են, իրենց գործը փնտրում, բայց Դավթյանի դեպքում գործն ինքը նրան գտավ` դարձնելով Խորհրդային Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության առաջին ղեկավարը։
Դա տեղի ունեցավ շատ ավելի վաղ` նախքան Եվգենի Պրիմակովը, Վյաչեսլավ Տրուբնիկովը, Սերգեյ Լեբեդևը, էլ չենք խոսում ԱՀԾ-ի ներկայիս ղեկավար Սերգեյ Նարիշկինի մասին։ Յակով Քրիստոֆորովիչ Դավթյանն այս ցանկում առաջին տողը զբաղեցրեց շատ տասնամյակներ առաջ։
«Երկաթե Ֆելիքսի» գերատեսչություն աշխատանքի նրան փողոցից չէին վերցրել, այլ Արտաքին գործերի ժողկոմիսարիատից, որտեղ Դավթյանը Մերձբալթյան երկրների և Լեհաստանի բաժնի ղեկավարն էր։ 1920 թվականի ապրիլին Չեկայի (արտակարգ հանձնաժողով) հատուկ բաժնում ստեղծեցին նորը և անվանեցին «օտարերկրյա»։