Երևանն ու Բաքուն մի շարք հարցերում մոտեցրել են դիրքորոշումները. Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյան
ՀՀ փոխվարչապետը կառուցողական է համարում Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խումբը կարողացել է մոտեցնել Երևանի և Բաքվի դիրքորոշումները շատ հարցերի շուրջ, մասնավորապես սահմանային և մաքսային հսկողության վերաբերյալ: Այս մասին ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը ՏԱՍՍ–ի հետ զրույցում։
«Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությունը կառուցողական եմ համարում։ Դա, անշուշտ, բարդ աշխատանք է, բայց պետք է նշեմ, որ կողմերին հաջողվում է մոտեցնել դիրքորոշումները սահմանային և մաքսային հսկողության բազմաթիվ հարցերի, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքով ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ երթևեկության վերաբերյալ», - նշել է նա։
Ըստ ՀՀ փոխվարչապետի` այս պահին փորձագիտական ենթախմբերը շարունակում են մշակել ավտոմոբիլային և երկաթուղային ենթակառուցվածքների վերականգնման ու հետագա օգտագործման հետ կապված հարցերը։
Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում հանդիպել էին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:
Քննարկման առարկա էին դարձել նաև երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման բանակցային գործընթացի նախապատրաստություններին, հումանիտար խնդիրներին, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հարցեր:
Պայմանավորվածություն էր ձեռք բերվել շարունակել եռակողմ հանդիպումները` նախատեսելով նման հանդիպում անցկացնել հուլիսին կամ օգոստոսին:
Մայիսի 23-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողով ստեղծելու մասին որոշում էր ստորագրել։ Համաձայն որոշման` հանձնաժողովի նախագահը ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է։
Մայիսի 24-ին Հայաստանի և Ադրբեջանի միջպետական սահմանին տեղի էր ունեցել Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի առաջին հանդիպումը։
Հունիսի 21-ին հայտնի դարձավ, որ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի համանախագահները հանդիպել են Սանկտ Պետերբուրգում։