Դանիբեկյանը դատական սանկցիա կիրառեց պաշտպան Լուսինե Սահակյանի նկատմամբ

Դատավոր Աննա Դանիբեկյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի դեմ հարուցված կաշառակերության մեղադրանքով քրգործով դատական նիստի ժամանակ (22 փոտրվարի, 2022թ). Երևան. Արխիվային լուսանկար
Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սահակյանը 5 րոպե ընդմիջում խնդրեց դատարանից իր պաշտպանյալի հետ առանձին քննարկում ունենալու, որը դատարանի կողմից մերժվեց։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող «Սիլվայի գործով» դատական նիստում միջադեպ տեղի ունեցավ դատավոր Դանիբեկյանի և Արմեն Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանի միջև։ Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Սահակյանը 5 րոպե ընդմիջում խնդրեց դատարանից իր պաշտպանյալի հետ առանձին քննարկում ունենալու, որը դատարանի կողմից մերժվեց։ Դանիբեկյանը Սահակյանին թույլ չտվեց լքել դատական նիստերի դահլիճը, որից հետո Սահակյանը ստիպված էր իր պաշտպանյանի հետ խոսել ձայնագրիչներից քիչ հեռու։
Ամենայն հավանականությամբ, դա դուր չեկավ դատավորին և վերջինս հայտարարեց, որ դատարանի օրինական կարգադրություններին չենթարկվելու, դատական նիստի կարգը խախտելու համար քննարկվում է Սահակյանի նկատմամբ դատական սանկցիա կիրառելու հարցը և թույլ տվեց, որպեսզի վերջինս 5 րոպեում իր դիրքորոշումն արտահայտի։
Սահակյանը նախ խնդրեց պարզաբանել, թե դատարանի որ օրինական կարգադրությունը չի կատարել, և այդ օրինական կարգադրությունը քրեադատավարական օրենսգրքի որ նորմով է սահմանված, որպեսզի ինքը կարողանա դիրքորոշում արտահայտել։

«Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցները պետք է չշրջեն, կամ ինչ-որ բան անեն, ապա պետք է մանրամասնել , թե դատաիրավական օրենսգրքի որ նորմով է դա սահմանվում։ Եթե դատարանը պաշտպանական կողմին թույլ չի տալիս առանձին, առանց հանրության համար լսելի քննարկում կազմակերպել և ընդմիջում չի հայտարարում, բնականաբար, պաշտպանական կողմին այլ բան չի մնում, քան այդ քննարկումը կազմակերպել դատարանի դահլիճում։ Ուստի խնդրում եմ, եթե ասում եք օրինական պահանջ, ձեզ Աստծո տեղ մի՛ դրեք»,- ասաց Սահակյանը։

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ և դատական սանկցիա կիրառելու հետ կապված որոշում կայացրեց։
«Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, և մեկ ամսվա ընթացքում այն չկատարելու դեպքում կկատարվի ԴԱՀԿ ծառայության օրենքով սահմանված կարգով։ Որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ քրեական դատարանում 7-օրյա ժամկետում»,- ասաց Դանիբեկյանը։
Սահակյանը հայտարարեց, որ եթե դատարանին թվում է, որ դատական սանկցիաներ կիրառելով կամ տուգանքներ նախատեսելով կարող է ընկճել պաշտպանական կողմին, ապա սխալվում է։
«Ես իմ պաշտպանյալի պաշտպանությունն իրականացնելու եմ ամբողջ ծավալով, և դատարանի այս սանկցիաները ոչինչ չեն որոշում»,- ասաց Սահակյանը։