ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար, Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանից և նրան փոխկապակցված անձանցից 16.8 միլիարդ դրամ արժեքով ապօրինի ծագման գույքն ու ակտիվները բռնագանձելու դատախազության հայցադիմումը Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վարույթ է ընդունել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` մանրամասնելով, թե ինչ գույքի մասին է խոսքը։
Նշվում է, որ համաձայն հայցադիմումի` ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին Բեգլարյանից, նրա հետ փոխկապակցված 3 անձից հօգուտ Հայաստանի Հանրապետության մի քանի անշարժ գույք, հողամասեր, տրանսպորտային միջոցներ բռնագանձել։
Մասնավորապես՝ Երևան քաղաքում գտնվող 33 բնակարան, տարածքներ, շինություններ, ավտոհանգրվաններ, որոնցից 11-ը գտնվում են Հյուսիսային պողոտայում, 7-ը՝ Խորենացի փողոցում, 3-ը՝ Արշակունյաց պողոտայում, 2 առանձնատները՝ Ազատության պողոտայում, 2 տարածքը՝ Թամանյան փողոցում, 2-ը (շինություն և ավտոկայանատեղի)՝ Տերյան փողոցում, ինչպես նաև Երևանի քաղաքի այլ վարչական շրջաններում գտնվող անշարժ գույքը, Կոտայքի մարզում (Ծաղկաձորում) գտնվող 2 հողամասերը և Արարատի մարզում (Սիս համայնքում) գտնվող 1 հողամասը, 1 տրանսպորտային միջոցը (MERSEDES-BENZ S600Լ մակնիշի ավտոմեքենա)։ Անհնարինության դեպքում կբռնագանձվի դրանց միջին շուկայական արժեքը, որն ընդհանուր կազմում է 10 մլրդ 704 մլն 483 հազար 825 ՀՀ դրամ։
Դատարանից պահանջում են նաև դադարեցնել 10 ընկերությունում նրա մասնակցության իրավունքը, 8 հանձնված փոխառության չվերադարձված մասի պահանջի իրավունքը՝ 1.879.759.719 ՀՀ դրամի չափով, 882.745.274,9 ՀՀ դրամ՝ որպես ապօրինի ծագում ունեցող գույքի օգտագործումից ստացված եկամուտ, ինչպես նաև գույքի վաճառքից գոյացած միջոցների մնացորդ 3 մլրդ 317 մլն 8 հազար 604 ՀՀ դրամ, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում և հնարավոր չէ բռնագանձել՝ հիմք ընդունելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասը (հայցադիմումի ներկայացումը, եթե ապօրինի ծագում ունեցող գույքը փոխանցվել է բարեխիղճ ձեռք բերողի, կամ այն անհնար է նույնականացնել, առանձնացնել կամ բռնագանձել, ապա դատարանի որոշմամբ, համապատասխան պահանջի առկայության դեպքում, պատասխանողից կարող է բռնագանձվել հայցի ներկայացման պահի դրությամբ ապօրինի ծագում ունեցող գույքի շուկայական արժեքի չափով գումար):
Նշվածը ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած (ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման) թվով 10-րդ հայցապահանջն է, որ դատարանն ընդունել է վարույթ:
Հիշեցնենք, որ Երևանի նախկին քաղաքապետի նկատմամբ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործով քրեական գործ հարուցվել է 2020 թվականին։