ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ բանակցություններն ամփոփելիս հայտնել է, որ ԱՄՆ-ն կշարունակի պատժամիջոցային ճնշումը Ռուսաստանի նկատմամբ։ Նրա խոսքը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
«Մենք կշարունակենք խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները», - հայտարարել է Բայդենը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունն ավելի վաղ հայտնել էր ռուսական ֆիզիկական անձանց և ընկերությունների դեմ նոր միջոցների մասին: Ցուցակում են հայտնվել «Ռոստեխ», «Կամազ», «Տուպոլև» ձեռնարկությունները և Իլյուշինի անվան ավիացիոն համալիրը, ընդհանուր առմամբ` 115 իրավաբանական անձ:
Հիշեցնենք` փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Փետրվարի 21-ից ի վեր, երբ Վլադիմիր Պուտինը հայտարարեց ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն ճանաչելու որոշման մասին, ԱՄՆ-ն, Եվրամիությունն ու Արևմուտքի շատ երկրներ պատժամիջոցների շարք սահմանեցին Ռուսաստանի դեմ։ Պատժամիջոցներն առնչվում են բանկային ոլորտին, ավիացիային, տնտեսության տարբեր ճյուղերին, կապի ոլորտին և անգամ մշակույթին ու սպորտին։
Ուկրաինայում մարտական գործողությունները շարունակվում են արդեն 125-րդ օրը։