ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Արցախի Հանրապետության տարածք մտնող մայրուղային բարձր ճնշման գազատար խողովակի վրա տեխնիկական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 29-ից մինչև հուլիսի 5-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության ողջ տարածքում դադարեցվելու է գազամատակարարումը։ Տեղեկությունը հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։
Նշվում է, որ «Արցախգազ» ՓԲԸ–ն այս առթիվ հայցում է իր բոլոր բաժանորդների ներողամտությունը և հորդորում համապատասխանաբար պլանավորել գազասպառումը՝ պահպանելով անվտանգության բոլոր կանոնները։
Աշխատանքների ավարտի և գազամատակարարման վերականգնման մասին հանրությունը լրացուցիչ կտեղեկացվի։
Հիշեցնենք` մայիսի 16-ից Արցախում գազի սակագինը բարձրացել է։
Սահմանվել են «Արցախգազ» փակ բաժնետիրական ընկերության կողմից սպառողներին վաճառվող բնական գազի հետևյալ սակագները՝ ամսական մինչև 10 000 խմ վաճառվող բնական գազի համար` 143 700 դրամ/հազար խմ (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 4.7 դրամ 1 խմ համար կամ 3.4%։ 10 000 խորանարդ մետրը գերազանցող բնական գազի համար՝ 265.81 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ սպառված յուրաքանչյուր հազար խմ բնական գազի համար (ներառյալ ԱԱՀ-ն). աճը կազմում է 3.9%։