«Արաքս» թռչնաֆաբրիկան տուգանվել է հասարակությանը մոլորեցնող անբարեխիղճ մրցակցության համար

«Ժողովուրդ» օրաթերթը փաստի առնչությամբ մեկնաբանություն է ստացել ընկերության ներկայացուցչից։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հունիսի – Sputnik. Մրցակցության պաշտպանության հանձնաժողովն «Արաքս թռչնաֆաբրիկա» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել է 4մլն 817 հազար դրամով: Այս մասին գրում է «Ժողովուրդը»։

«Օրաթերթը տեղեկացավ, որ ընկերությունը իրականացրել է «eoos» և «ԷԿՈՍ» մակնշմամբ 6-հատանոց տուփով հավի ձու, ինչպես նաև «eօos» մակնշմամբ «պաղեցված հավ», «պաղեցված հավի բուդ», «պաղեցված հավի թև», «պաղեցված հավի դոշ» և «պաղեցված հավի դոշի ֆիլե» ապրանքների իրացումն այն դեպքում, երբ տվյալ ապրանքները չեն հանդիսանում հավաստված օրգանական գյուղատնտեսական արտադրանքներ»,- գրում է «Ժողովուրդը»:

Մրցակցության պաշտպանության կոմիտեն այս քայլը որակել է որպես հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:
Մեկնաբանության համար «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է «Արաքս» թռչնաֆաբրիկա, որտեղից ընկերության ներկայացուցիչ Վահե Մարտիրոսյանը պատասխանել է. «Այն ժամանակ, երբ մեզ տուգանել են, մենք դա չենք վիճարկել: Իրենք ասում էին, որ մենք ձվի վրա կիրառել ենք «Էկո» գրառումը, որը հակասում է օրենսդրությանը: Այնպես չէ, որ չենք խորանում. եթե գտնում ենք՝ հակասում է օրենսդրությանը, ապա մենք փոխել ենք: Այդ իրավախախտումը, որը վերագրվել է որպես իրավախախտում, մենք համաձայնել ու փոխել ենք անվանումը: Պիտակի վրա ինչ-որ մի գրառում է եղել, որն իրենք ասել են, որ էկո չէ, սակայն սպառողները կարող են նույնականացնել էկոյի հետ. ասել ենք՝ խնդիր չկա, դա էլ ենք փոխում»։
Ընկերության ներկայացուցչի խոսքով՝ նորից վարույթ է առկա, քանի որ ժամկետ էին տվել իրավախախտումը վերացնելու համար:
Հիշեցնենք` «Արաքս» թռչնաֆաբրիկան տուգանվել է նաև մեկ տարի առաջ` 2021-ի հունիսին, շուկայում գերիշխող դիրքի չարաշահման համար։
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի որոշմամբ «Արաքս թռչնաֆաբրիկա», «Արզնու տոհմային ԹՏԽ», «Աշտարակ Ձու» ընկերությունների նկատմամբ կիրառվել էր տուգանք ընդհանուր շուրջ 42,6 մլն դրամի չափով: