ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի – Sputnik. Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին G7-ի առաջնորդներին ուղղված ուղերձում հասկացրել է, որ մարտական գործողությունների ձգձգումն Ուկրաինայի շահերից չի բխում: Այս մասին Գերմանիայում լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Սալիավանի խոսքով` Ուկրաինայի նախագահը խնդրել է ռազմական օգնությունը պլանավորելիս հաշվի առնել այդ հանգամանքը։
«Նա կարծում է, որ հակամարտության ձգձգվելը, հասկանալի պատճառներից ելնելով, Ուկրաինայի ժողովրդի շահերից չի բխում»,- ասել է Սալիվանը։
Նա հավելել է, որ Զելենսկին նաև կոչ է արել Ուկրաինայի հովանավորներին արդյունավետ օգտագործել հաջորդ մի քանի ամիսը։
Ավելի վաղ Սալիվանը հաստատել էր Ուկրաինային միջին և մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր մատակարարելու Վաշինգտոնի մտադրությունը:
Զելենսկին ելույթ է ունեցել G7-ի առաջնորդների առջև, որոնք հավաքվել էին Գերմանիայում ընթացող գագաթնաժողովին: Սալիվանն ասել է, որ իր ուղերձում Զելենսկին նշել է Կիևի կիրակնօրյա հրթիռակոծության մասին և հասկացրել, որ ցանկանում է այնպիսի համակարգեր ստանալ, որոնք կարող էին հրթիռները խփել երկնքում: